12.01.2013 18:55

Պետք չէ Հենրիխ Մխիթարյանին «արջի» ծառայություն մատուցել

Պետք չէ Հենրիխ Մխիթարյանին «արջի» ծառայություն մատուցել

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի բոլոր մայրցամաքների ամենաճանաչված ֆուտբոլիստների վերջնական ցուցակը։ Սա քվեարկության վերջին՝ 3-րդ փուլի արդյունքներն են։

Քվեարկության արդյունքներով Եվրոպայում ամենաճանաչված ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 35 հազար ձայն: Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն է:

Իրականում այս քվեարկության արդյունքներին չպետք է լուրջ վերաբերվել: Ավելի ճիշտ, դրան լուրջ վերաբերվում են միայն երրորդ աշխարհի երկրները, որոնց երկրպագուները իրենց երկիրը ներկայացնող ֆուտբոլիստի համար պատրաստ են օր ու գիշեր քվեարկել՝ համարելով, որ ազգանվեր ու ռազմահայրենասիրական քայլ են կատարում:

Եվ որքան էլ մենք սիրենք Հենրիխ Մխիթարյանին, որքան էլ գնահատենք նրա տաղանդը, իսկ որ նա իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստ է, դա արդեն ամբողջ Եվրոպան է ընդունում, միեւնույն է, մեր մոտ՝ ի տարբերություն բազմաթիվ հայ ֆուտբոլասերների, առաձնապես ոգեւորություն չի առաջացնում այն փաստը, որ նման քվեարկության արդյունքում Մխիթարյանն ավելի հանրաճանաչ է համարվել, քան, օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Ինյեստան, Չավին եւ այլ մեգաաստղեր: Նման քվեարկություններով եւ արդյունքներով մենք ընդամենը մեզ ենք խաբում: Մանավանդ, դժվար թե Մխիթարյանը նման կասկածելի որակի ճանաչվածության կարիք ունի: Ճանաչված եւ հարգված դառնում են խաղադաշտում, ոչ թե կայքերում, ինչն էլ Հենրիխը կշարունակի անել:

Հարավային Ամերիկայում, օրինակ, ամենաշատը «ջանացել» են վենեսուելացիները, որոնց շնորհիվ այդ մայրցամաքի ամենաճանաչված ֆուտբոլիստ է դարձել Խուան Արանգոն: Ամեն մարդ չէ, որ կիմանա, թե ով է նա: Մինչդեռ նա 104 հազար ձայն է ստացել: Լիոնել Մեսին ստացել է… մոտ 5 հազար ձայն: Այսինքն, ստացվում է, որ Արանգոն 20 անգամ ավելի ճանաչված է, քան Մեսին: Ընդ որում, Հարավային Ամերիկայի ամենաճանաչված ֆուտբոլիստների թվում ոչ մի բրազիլացի չկա: Պատճառը նույնն է. Բրազիլացիները ինքնագովազդի, կամ փքվելու կարիք չունեն:

Այնպես որ, պետք չէ «արջի» ծառայություն մատուցել Հենրիխ Մխիթարյանին կամ որեւէ այլ հայ ֆուտբոլիստի: Պետք չէ ծաղրի ու հեգնանքի առարկա դառնալ: Եվ պետք չէ այս լուրը ԶԼՄ-ներում ոգեւորված հրապարակել Breaking News ոճով, իբրեւ օրվա կարեւորագույն մարզական իրադարձություն: