20.11.2017 12:19

Ջրարբի գյուղի դպրոցի ծնողները պատրաստվում են փակել Երևան-Մարգարա ճանապարհը

Ջրարբի գյուղի դպրոցի ծնողները պատրաստվում են փակել Երևան-Մարգարա ճանապարհը

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները պատրաստվում են փակել Երեւան-Մարգարա մայրուղին՝ պահանջելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպում։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ծնողները բողոքում են դպրոցի անմխիթար վիճակից։ «Ազատության» հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ իրենք նույնիսկ արգելել են երեխաներին դպրոց հաճախել։ Նրանց խոսքով՝ դպրոցի ապակիները ջարդված են, փոխարենը պատուհանները պոլիէթիլենային տոպրակներով են պատված, պատերին մեծ ճեղքեր կան, նրանք մտավախություն ունեն, որ մի օր պատերը կփլվեն երեխաների վրա։ Դպրոցը ջեռուցում չունի, դասարաններում նավթի վառարաններ են տեղադրված։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ձմռան ամիսներին դպրոց գրեթե չեն ուղարկում, քանի որ դասասենյակներում ցուրտ է, երեխաները հիվանդանում են։