20.11.2017 12:37

Վահան Թումանյան. Աստծո անեծքին սպասելիս

Վահան Թումանյան. Աստծո անեծքին սպասելիս

Անցած շաբաթ Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, արձանագրվել են հետցնցումներ:

Ադրբեջանը փակ երկիր է, պատահարի պատճառած վնասների եւ ավերածությունների մասին ինֆորմացիա չի տարածվում: Բայց դա չի խանգարում, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում արվեն Ադրբեջանի «մոտալուտ կործանման» մասին գրառումներ: Ինչ-որ մեկի կարծիքով՝ դա տեղի կունենա խորտակիչ երկրաշարժի հետեւանքով, մյուսն առարկում է, թե ստույգ է, որ Կասպից ծովի մակարդակը կբարձրանա եւ ջրասույզ կանի Բաքուն ու հարակից տարածքները: Երրորդը լուրջ-լուրջ խոսում է, որ, ընդհակառակը, աղետը գալու է, երբ Կասպից ծովը կվերածվի անապատի...

Ցավոք, հասել ենք նրան, որ Հայաստանի ապագան կապվում է Ադրբեջանի կործանման հետ: Մարդիկ հույս են պահում, որ Ադրբեջանի վրա կծանրանա Աստծո անեծքը, այդ երկիրը կխորտակվի: Եւ այդ ժամանակ Հայաստանը կսկսի ծաղկել ու բարգավաճել: Այսպես մտածում եւ արտահայտվում են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ: Նրանցից մեկը նույնիսկ ասում է, որ ավելի լավ է պատերազմ սկսել, քան անվերջ սպասել, թե վաղն ինչ է անելու Ադրբեջանը: Երեւում է՝ հասարակությունն իրոք հոգնել է տասնամյակներ ձգվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակից: Դրա համար էլ մի մասն սպասում է Ադրբեջանի գլխին Աստծո անեծքի, մյուսը՝ թե երբ կսկսվի պատերազմը, որպեսզի որոշի անելիքը:

Միայն անպատասխանատու իշխանությունը կարող էր հասարակական ընկալումները հասցնել նման դեգրադացիայի: Եւ միայն զոմբիացած հասարակությանն է հարիր քայլ կատարելու փոխարեն զբաղվել բանդագուշանքով եւ տրվել կոնսպիրոլոգիական դատողությունների: Կյանքը Հայաստանում ահռելի հետընթաց է ապրել: Ինչ որ մեր շրջապատում տեսնում ենք, դա միայն արտաքին շղարշն է: Խորքում Հայաստանը դարձել է հետամնաց երկիր, որը ցավալի պարտություններ է կրել եւ շարունակում է խորացնել անդունդն իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ: Պետք է շարժում նախաձեռնել եւ սկսել պարզ-բացատրական բաներից: Որ, օրինակ, եթե Ադրբեջանում կործանիչ երկրաշարժ տեղի ունենա, ապա աղետի գոտում կարող են հայտնվել նաեւ Ղարաբաղը, Հայաստանի սահմանամերձ գոտին: Որ եթե Կասպից ծովի մակարդակը բարձրանա, ապա կտուժենք նաեւ մենք: Առավել եւս կտուժենք, եթե Կասպից ծովը ցամաքի-չորանա-վերածվի անապատի: Որ Հարավային Կովկասը մեկ-միասնական տնտեսա-աշխարհագրական ամբողջություն է: Որ, վերջապես, Հայաստանի զարգացման հնարավորությունը ոչ թե Ադրբեջանի խորտակումն է, այլ՝ խաղաղության հաստատումը եւ փոխշահավետ համագործակցությունը:

Թվում է՝ տարրական-դասագրքային ճշմարտություններ են, բայց երբ կարդում ես սոցիալական ցանցերում արվող գրառումները, սոսկումով հասկանում ես, որ մեր հասարակության մի զգալի հատվածն ապրում է վիրտուալ պատկերացումներով: Նա կտրված է իրականությունից: Դատում է ոչ թե փաստերով, այլ «բա որ իրենք էլ մեր հողերն են գրավե՜լ» ստերեոտիպով: Եւ սպասում է, որ մեր հողերին տիրանալու դիմաց Թուրքիան կարժանանա Աստծո արդար պատժին, կվերանա: Եւ մեզ համար կբացվի Կասպից- Միջերկրական ծով մի հսկայական տարածք, որը կկոչվի Ծովից-ծով Հայաստան:

Չէ, իրոք, լուսավորչական աշխատանքի խիստ կարիք կա: Թե չէ ազգովի ենք դառնում Աստծո անեծքին սպասող եւ պատմության խաչմերուկում դանդաղ մեռնող հանրություն...