20.11.2017 13:11

ԱՄՆ. Բանտում մահացել է ամենադաժան մարդասպաններից մեկը

ԱՄՆ. Բանտում մահացել է ամենադաժան մարդասպաններից մեկը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բանտերից մեկում ցմահ պատիժ կրող մարդասպան Չարլզ Մենսոնը մահացել է 84 տարեկանում: Այդ մասին ԶԼՄ-ները հաղորդում են՝ հղում կատարելով Մենսոնի զոհերից մեկի քրոջը: Հաղորդում է Tass-ը:

Մահվան պատճառները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ օրեր առաջ մարդասպանի առողջությունը վատթարացել էր, ինչի հետեւանքով նրան հիվանդանոց էին տեղափոխել: Բանտի աշխատակազմը հայտարարել է, որ Մենսոնը մահացել է բնական մահով:


Չարլզ Մենսոնը 20-րդ դարի ամենահայտնի ու դաժան մարդասպաններից մեկն էր: 1969 թվականի ամռան ընթացքում նա եւ իր երեք «ընկերուհիները», որոնք, այսպես կոչված, «Ընտանիք» կոմունայի անդամներ էին, դաժանաբար սպանել էին 7 մարդու: Սպանվածների թվում էր աշխարհահռչակ ռեժիսոր Ռոման Պոլանսկու հղի կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը:

Թեեւ Մենսոնը սպանությունների անմիջական իրականացնողը չէր, սակայն նա մեղավոր ճանաչվեց դրանց կազմակերպման համար եւ դատապարտվեց մահապատժի: Սակայն 1972 թվականին, երբ նահանգում արգելվեց մահապատիժը, Մենսոնի դատավճիռը փոխվեց ցմահ ազատազրկման՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությամբ: