20.11.2017 13:58

Ուկրաինայում հայտնել են Պոռոշենկոյի դեմ նախապատրաստված մահափորձերի մասին

Ուկրաինայում հայտնել են Պոռոշենկոյի դեմ նախապատրաստված մահափորձերի մասին

Ուկրաինայի պետական պահպանության վարչության պետ Վալերի Գելետեյը հայտարարել է, որ 2014 թվականից հետո երկրի նախագահ Պետրո Պոռոշենկոյի դեմ մի քանի մահափորձ է կանխվել: Այդ մասին Գելետեյը հայտարարել է «Обозреватель»-ի հետ հարցազրույցում:

«Մի քանի փորձեր են եղել: Երդմնակալության արարողությունից մի քանի օր անց վտանգավոր միջադեպ եղավ. փորձել են պայթուցիկ նյութ տեղադրել նախագահի նստավայրի մուտքի մոտ: Ինքնաշեն պայթուցիկը ժամանակին բռնագրավվել է: Հարուցվել է քրեական գործ, որը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է նա՝ հավելելով, թե այդ փորձի հետքերը տանում էին դեպի «Մայդանի վրաններ»:

Վերջինս նշել է նաեւ, որ Պոռոշենկոյի՝ որեւէ վայր այցից առաջ հաճախ են այդ վայրերում պայթուցիկ սարքեր հայտնաբերվում: «Դա կարելի է ինչ-որ տեղ համարել մահափորձի նախապատրաստում: Այդպիսի դեպքեր վերջին շրջանում բավականին շատ են եղել»,- հայտնել է նա:

Հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտարարել էին, որ Պոռոշենկոյի Դոնբաս այցի ժամանակ մահափորձ էր նախապատրաստվել: Նշվում էր, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել էր օպտիկական նշանառության սարքով Steyr-Mannlicher դիպուկահար հրացան եւ համապատասխան զինամթերք, Մակարով ատրճանակ եւ նռնակներ: Ձերբակալության ժամանակ խմբավորման երկու անդամներ լիկվիդացվել են: Ավելի ուշ, ՈՒԱԾ խոսնակ Ելենա Գիտլյանսկայան հայտարարել էր, թե Պոռոշենկոյի դեմ նախապատրաստվող մահափորձի բացահայտման մասին տեղեկությունները կեղծիք են:

Փոխանցում է lenta.ru-ն: