20.11.2017 14:13

Ղրղզստանի հեռացող նախագահը ներողություն է խնդրել «կոպիտ խոսքերի» համար

Ղրղզստանի հեռացող նախագահը ներողություն է խնդրել «կոպիտ խոսքերի» համար

Ղրղզստանի՝ պաշտոնը լքող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պաշտոնը լքելուց առաջ հանդես է եկել հրաժեշտի ասուլիսով, որի ընթացքում ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում «նեղացրել է»:

Հաղորդում է РИА «Новости»-ն:

«Հարգելի լրագրողներ, եթե ես երբեւէ կոպիտ եմ պահել ինձ, ապա՝ ոչ միայն ձեր հանդեպ: Ես երբեմն շատ կոպիտ եմ խոսում: Եթե որեւէ մեկին նեղացրել եմ, անգամ եթե իրավացի եմ եղել, միեւնույն է՝ ներողություն եմ խնդրում»,- նշել է Աթամբաեւը: Նա հույս է հայտնել, որ երկրի հաջորդ նախագահն ավելի դիվանագիտորեն կդրսեւորի իրեն:

Աթամբաեւը նաեւ խոսել է իր առաջիկա պլանների մասին: Նա նշել է, որ առայժմ պատրաստվում է հանգստանալ, գիրք կարդալ, սովորել դաշնամուր նվագել: Իսկ հետագայի մասին հարցին պատասխանել է, թե չի բացառում, որ կարող է մասնակցել 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով:

Ավելին, հեռացող նախագահը չի բացառել, որ հենց ինքն էլ կարող է գլխավորել կուսակցության նախընտրական ցուցակը: Աթամբաեւը նշել է, որ ինքը միշտ խիստ քննադատել է երկրի խորհրդարանը, քանի որ այնտեղ նստած են «տգետ եւ իրենց գործից ոչինչ չհասկացող» մարդիկ:  

Հիշեցնենք, որ Աթամբաեւը նախագահի պաշտոնը կլքի երկրի նոր նախագահ Սոորոբայ Ժէէբեկովի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

.