20.11.2017 16:25

2,5 տարի հետո ԱՄԷ-ում կկառուցվի Մարսում կառուցվելիք քաղաքի մոդելը

2,5 տարի հետո ԱՄԷ-ում կկառուցվի Մարսում կառուցվելիք քաղաքի մոդելը

2,5 տարի անց ԱՄԷ-ում կհայտնվի Կարմիր մոլորակի վրա ապագայում կառուցվելիք քաղաքի ունիկալ լիաչափ մոդելը՝ Mars Scientific City-ն: Այդ մասին հաղորդել է The Khaleej Times պարբերականը՝ հղում կատարելով ԱՄԷ տիեզերական գործակալությանը:

Թերթը գրում է, որ նախագծի արժեքը գնահատվում է մոտ 136 մլն դոլար: Քաղաքի տարածքը կընդգրկի ավելի քան 170 հազար քմ, եւ տեղակայված կլինի Դուբայի էմիրության տարածքում:

«Շինարարության բոլոր պայմանները համաձայնեցված են, ֆինանսավորումը կա, եւ պլանավորում ենք արդեն սկսել նախագծի իրականացումը: Նախատեսում ենք շինարարությունն ավարտել 30 ամիս անց»- հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Մուհամմեդ ալ-Ահբաբին:

Mars Scientific City-ն կդառնա Կարմիր մոլորակի հետազոտման պատմության ընթացքում ոչ միայն ամենախոշոր, այլեւ ամենաիրական սիմուլյատորը: Նախատեսվում է, որ քաղաքը կազմված կլինի մի քանի բլոկ-գմբեթներից, որտեղ տեղակայված կլինեն լաբորատորիաներ, ուտելիք աճեցնելու համար նախատեսված ֆերմաներ, ինչպես նաեւ ջրի վերամշակման համար նախատեսված սարքավորումներ:

Ի դեպ, բացի սա, Էմիրությունների մարսային առաքելությունը նախատեսում է 2020 թվականին տիեզերք արձակել «Հույս» տիեզերանավը: 2021 թվականին՝ ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի տարեդարձին, տիեզերանավը պետք է հասնի Մարս: Սա կլինի մուսուլմանական երկրի կողմից Մարս ուղարկված առաջին տիեզերական սարքը:

Իսկ Mars Scientific City-ն կդառնա ԱՄԷ կողմից ձեռնակրված առաջին քայլը՝ Մարսում 2117 թվականին բնակավայր ստեղծելու ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին: Այդ նախագծի մասին հայտարարվեց այս տարվա փետրվարին: