20.11.2017 17:57

Պոլսո պատրիարքի տեղապահը նամակ է հղել Էրդողանին

Պոլսո պատրիարքի տեղապահը նամակ է հղել Էրդողանին

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Նամակում, մասնավորապես, Բեքչյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցին: Նույն խնդրով պատրիարքական տեղապահը մեկ այլ նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռևս 2017 թվականի հունվարի 18-ին, հանդիպելով Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, խոստացել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով զբաղվել ապրիլին նախատեսվող սահմանադրական հանրաքվեից հետո: Այնուհանդերձ, մինչ օրս պատրիարքի ընտրության ժամկետների հարցը լուծված չէ:

Չնայած, այս տարվա մարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ Պոլսո եպիսկոպոսները համաձայնության են եկել՝ մինչեւ տարվա վերջ պատրիարքի ընտրություն կազմակերպել, սակայն, ըստ գործող կարգի, ընտրությունները կարող են կայանալ միայն Թուրքիայի աշխարհիկ իշխանությունների թույլտվության դեպքում: