20.11.2017 18:11

Սահակաշվիլին պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ. Եթե հարկ լինի

Սահակաշվիլին պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ. Եթե հարկ լինի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարում էր, թե երկրում որեւէ պաշտոն ստանձնելու ցանկություն չունի:  

«Ուկրաինան նոր իշխանությունների, նոր կառավարության կարիք ունի: Մենք միասին պետք է ստեղծենք այդ կառավարությունը, ես պատրաստ եմ ձեզ հետ միասին անել դա: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին գլխավորել այդ գործընթացը, ես պատրաստ եմ անգամ ղեկավարել կառավարությունը, եթե հարկ լինի»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ Գերագույն Ռադայի մոտ երեկ՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Նա հավելել է, թե հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են դեկտեմբերի 3-ին «ժողովրդական իմպիչմենտ» նախաձեռնել: «Դեկտեմբերի 3-ը բոլորիս իքս ժամն է: Եկեք կազմակերպվենք, ես կշրջեմ երկրով մեկ եւ մարդկանց խաղաղ ճանապարհով ոտքի կհանեմ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի քաղաքական եւ հասարակական ուժեր՝ Սահակաշվիլու գլխավորությամբ, բողոքի ակցիա են իրականացնում՝ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու պահանջով: Սկզբում նրանք պահանջում էին իշխանություններից ընդունել պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկող, հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենքներ եւ նոր Ընտրական օրենսգիրք: Ապա ցուցարարները եւս մեկ պահանջ են ներկայացրել՝ նախագահի իմպիչմենտի մասին օրենք ընդունել: Ակցիայի մասնակիցները Ռադայի մոտակայքում վրանային «քաղաք» են ձեւավորել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների իրական նպատակը երկրում անկայություն ստեղծելն է: Իսկ երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն էլ հայտարարել է, թե Սահակաշվիլու ղեկավարությամբ՝ հանրահավաքի մասնակիցները պետական հեղաշրջում են նախապատրաստում եւ որ նրանք ֆինասնավորվում են արտասահմանից: