20.11.2017 18:24

Թրամփն էլի խոսում է պատի մասին

Թրամփն էլի խոսում է պատի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից խոսել է այն մասին, որ Մեքսիկայի հետ սահմանին պետք է պատ կառուցել: Նման հայտարարության պատճառ է դարձել սահմանապահ ծառայության աշխատակից Ռոխելիո Մարտինեսի մահվան մասին տեղեկությունը:

«Սահմանապահ ծառայության սպան զոհվել է ծառայության ժամանակ սահմանի հարավային հատվածում, մեկ աշխատակից էլ վիրավոր է: Մենք կգտնենք մեղավորներին եւ արդարություն կհաստատենք: Մենք պետք է պատ կառուցենք եւ մենք այն կկառուցենք» Թվիթթերի իր էջում գրել է Թրամփը:

Ըստ պաշտոնական տեղեկությունների, Մարտինեսը զոհվել է կիրակի օրը՝ Վան Հորն (Տեքսաս նահանգ) բնակավայրի մոտ պարեկություն իրականացնելիս: Տղամարդն ու նրա ծառայակիցը օգնության են կանչել իրենց մյուս ծառայակիցներին՝ «ինչ-որ միջադեպի վայրից», որի մանրամասները չեն հրապարակվում, եւ տեղեկացրել, որ երկուսն էլ վիրավոր են: Ավելի ուշ, Մարտինեսը մահացել է հիվանդանոցում, նրա ծառայակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր: ՀԴԲ-ն ու տեղական ոստիկանությունը որոնում են հարձակման հետ կապ ունեցող անձանց:  

Նշենք, որ Մեքսիկայի հետ սահմանում պատի կառուցումը Թրամփի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն էր: Պատ կառուցելու հրամանագիրը Թրամփը ստորագրել է դեռեւս այս տարվա հունվարին, պատի երկարությունը պետք է լինի ավելի քան 3000 կմ: Օգոստոսին Թրամփի վարչակազմից հայտարարել են, որ 4 շինարարական ընկերությունների են ընտրել պատի նախնական տարբերակի կառուցման համար:

Փոխանցում է Tass-ը: