20.11.2017 18:59

Ֆրանսիայում կարգելեն աղոթել փողոցում

Ֆրանսիայում կարգելեն աղոթել փողոցում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ ոստիկանությունը «խանգարելու է» բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիայի քաղաքների փողոցներում կաղոթեն: «Փողոցներում աղոթքներ չեն լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հավատացյալները պետք է իրենց կրոնական ծեսերն անցկացնելու համար նախատեսված վայրեր ունենան:

Այսպես է նախարարը մեկնաբանել Փարիզի արվարձաններից մեկում ծագած կոնֆլիկտը, երբ ավելի քան հարյուր պետծառայողներ ցուցապաստառներով երթ են անցկացրել՝ կոչ անելով դադարեցնել «փողոցներում աղոթելը»:  

«Մարսելյեզը» երգելով՝ պետծառայողները փորձել են խանգարել տեղացի մահմեդականներին, որոնք արվարձանի կենտրոնական փողոցներից մեկում՝ քաղաքապետարանի դիմաց, արդեն 9 ամիս շարունակ աղոթում են:

ԶԼՄ-ները նշում են, որ հավատացյալները այդպես իրենց բողոքն էին արտահայտում. այս տարվա մարտ ամսից քաղաքում փակվել է նրանց աղոթատեղին, որտեղ այցելում էր 3000-5000 մարդ: