21.11.2017 11:13

Կինոխորհուրդ. Այն գիշերը, երբ մայրս սպանեց հորս

Կինոխորհուրդ. Այն գիշերը, երբ մայրս սպանեց հորս

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

 

Ինես Պարիս. «Այն գիշերը, երբ մայրս սպանեց հորս»

Դերասանուհուն ուղիղ ասում են` դուք արդեն «ծեր եք» այդ դերի համար: Սակայն բաղձալի դերը պետք է ստանալ: Ամեն գնով: Առավելեւս, եթե սցենարիստը ամուսինդ է: Կամ նա ձեզ կտա այդ դերը, կամ... կզղջա: Եթե, իհարկե, հասցնի: Իսկական դերասանուհին հանուն դերի պատրաստ է ամեն ինչի, անգամ` սպանության:

Եւ այսպես, եթե բարձր տրամադրություն ունեք կամ ցանկանում եք լավ տրամադրություն վաստակել, եւ ուզում եք որեւէ թեթեւ, բայց որակյալ, հավես բան դիտել, ապա իսպանացի ռեժիսոր Ինես Պարիսի այս կատակերգությունը հենց այն է, ինչի կարիքն ունեք հենց այսօր:

Դիտեք, եթե հատկապես կարեւորում եք, որ ֆիլմը հաջողված սցենար ունենա: Սա այն ֆիլմերից է, երբ սյուժետային ինտրիգը հնարավոր չէ կռահել (եթե ի սկզբանե ծանոթ չեք սյուժեին) դիտելու ընթացքում, այնպես, ինչպես «Լավագույն առաջարկը» ֆիլմի պարագայում: Ինտրիգը շարունակվում է եւ ստիպում մի շնչով անցնել առաջ` սպասելով հաջորդող զարգացումներին: Սակայն, ի տարբերություն երկրորդ ֆիլմի, առաջինը հին ու տտիպ գինու նման երկար հետհամ չի թողնելու. այս մեկն ավելի շատ նման է շամպայնի, որ միանգամից կբարձրացնի ձեր տրամադրությունը, բայց եւ հետո կարիք չեք ունենա մտորելու սյուժեի մասին եւ կամ, առավելեւս, տխրելու կամ «դարդ անելու» հերոսի համար:

Համարեք, որ կարճ ժամանակով հայտնվել եք մի երեկույթում, ապա տուն եք եկել՝ առանց երեկույթի մասնակիցների ճակատագրերն առանձին-առանձին ուսումնասիրելու եւ նրանց հույզերը վերապրելու պարտականության:

Մի ափսոսեք ձեր ժամանակը, դիտեք այս ֆիլմն ու ծիծաղի ընդմիջումներին տեսեք` արդյո՞ք լավ դերասանը նաեւ լավ մարդասպան կարող է լինել, հնարավո՞ր է հանուն խաղի մարդու կյանքն իրապես վտանգի ենթարկել, եւ թե ինչերի է ընդունակ մարդը, երբ սիրում է: Անգամ՝ երբ սիրում է մարդասպանի: