21.11.2017 12:27

Պուտին-Ասադ հանդիպում. ռուսական ռազմական գործողություններն ավարտվում են

Պուտին-Ասադ հանդիպում. ռուսական ռազմական գործողություններն ավարտվում են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նախապես չհայտարարված հանդիպումն ավարտվել է Պուտինի՝ «Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ համատեղ աշխատանքի ավարտի» մասին հայտարարությամբ:

Երեկ՝ նոյեմբերի 20-ին Սոչիում տեղի ունեցան Պուտինի եւ Ասադի բանակցությունները, որի ընթացքում երկու նախագահները խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման եւ այդ հարցում ռուսական մասնակցության (այդ թվում՝ ռազմական) մասին:  

Պուտինն ասել է, որ երկրում քաղաքական գործընթացները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո: Ասադը Սիրիայում ռուսական օպերացիան անվանել է հաջողված, եւ նշել, որ այն օգնել է Սիրիային պահպանել իր անկախությունն ու խաղաղ կարգավորման քաղաքական գործընթաց սկսել:

Պուտինն էլ իր հերթին հաստատել է, որ Ռուսաստանի համար սիրիական օպերացիան ավարտվում է: «Իհարկե, ահաբեկչության դեմ լիակատար հաղթականի մասին դեռ վաղ է խոսել: Բայց ինչ վերաբերվում է Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ մեր համատեղ աշխատանքին, ապա այդ ռազմական գործողությունն իրապես ավարտվում է»,- ասել է Պուտինը:  

Ասադն ի պատասխան շնորհակալություն է հայտնել ռուսական զինված ուժերին՝ «այն ջանքերի համար, որ Ռուսաստանը գործադրել է» Սիրիան փրկելու համար:

Փոխանցում է BBC-ն: