21.11.2017 12:42

Մերկել. Ավելի լավ է նոր ընտրություններ անցկացնել, քան թույլ դաշինք ձևավորել

Մերկել. Ավելի լավ է նոր ընտրություններ անցկացնել, քան թույլ դաշինք ձևավորել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի շուտ կհամաձայնի նոր ընտրություններ անցկացնել, քան թույլ կոալիցիա կազմել:

Կիրակի օրը՝ Մերկելի համար անհաջող խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց, ձախողվեցին Գերմանիայի երեք կուսակցություններից իշխող դաշինք կազմելու նրա փորձերը: Գերմանիայի կանցլերի չորրորդ ժամկետի հարցը մնացել է օդում կախված:

Մերկելը, սակայն, հայտարարել է, որ որևէ պատճառ չի տեսնում հրաժարական տալու համար՝ չնայած կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների տապալմանը:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արել «վերանայել իրենց դիրքորոշումները», մտածել ամբողջ Գերմանիայի շահերի, այլ ոչ թե սեփական կուսակցական նախասիրությունների դիրքերից: Նախագահն ստեղծված իրավիճակը որակել է աննախադեպ:

Սա Անգելա Մերկելի կառավարման ողջ 12 տարիների ընթացքում երկրում ստեղծված լրջագույն քաղաքական ճգնաժամն է:

Փոխանցում է BBC-ն: