21.11.2017 13:40

Ռոքֆելլերի հավաքածուի կտավները կվաճառվեն բարեգործական աճուրդում

Ռոքֆելլերի հավաքածուի կտավները կվաճառվեն բարեգործական աճուրդում

Պաբլո Պիկասոյի «վարդագույն շրջանի» մի կտավ, ինչպես նաև Անրի Մատիսի և Կլոդ Մոնեի կտավները՝ Դևիդ և Փեգգի Ռոքֆելլերների հավաքածուից, ընդհանուր առմամբ՝ մոտավորապես երկու հազար իրեր, կներկայացվեն Christie՛s աճուրդում:

Աճուրդը կկայանա 2018 թ. գարնանը: Ամբողջ հասույթը կփոխանցվի այն բարեգործական կազմակերպություններին, որոնց հավաքորդներն աջակցել են իրենց կենդանության օրոք:

Հիմնական լոտերի թվում է Պիկասոյի «Աղջիկը ծաղիկների զամբյուղով» (1905) կտավը, որը Ռոքֆելլերները ձեռք են բերել 1968 թ.: Կազմակերպիչներն ակնկալում են այդ կտավի համար ստանալ առնվազն 70 մլն դոլար:

Դևիդ Ռոքֆելլերը ամերիկյան առաջին միլիոնատիրոջ թոռն էր, նա մահացել է 2017 թ. մարտին՝ իր 102-ամյակից երկու ամիս առաջ: Նկարների հավաքածուն, որը նա իր կնոջ՝ Փեգգիի հետ միասին, հավաքել է ամբողջ կյանքում, աճուրդի է դրվելու նրա կտակի համաձայն:

Փոխանցում է rbk.ru-ն: