21.11.2017 15:25

Թուրքիան մտադիր չէ խզել կապերը ՆԱՏՕ-ի հետ

Թուրքիան մտադիր չէ խզել կապերը ՆԱՏՕ-ի հետ

Նորվեգիայում զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով Թուրքիան չի նախատեսում խզել կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Տոպչուն կարծիք էր հայտնել, թե Անկարան պետք է վերանայի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Նրա կարծիքով՝ «այդ կառույցը, որ թշնամաբար է վերաբերվում իր անդամներից մեկին», Թուրքիայի համար միակ տարբերակը չէ:

Անկարայի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության նոր ալիք է բարձրացել նոյեմբերի 18-ին: Էրդողանը հայտարարել է, որ Նորվեգիայում դաշինքի «Եռաժանի 2017» շտաբային զորավարժությունների ժամանակ  Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և հենց իր՝ Էրդողանի անուններն օգտագործվել են պայմանական հակառակորդին նշելու համար: Դրա պատճառով 40 թուրք զինծառայողներ ետ են կանչվել զորավարժություններից:

Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը ներողություն է խնդրել Թուրքիայից և նշել, որ ցավում է տեղի ունեցածի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը նույնպես ներողություն է խնդրել, սակայն Էրդողանը նշել է, որ «նման միջադեպը չի կարող ավարտված համարվել սոսկ ներողություն խնդրելով»:

Փոխանցում է tass.ru-ն: