21.11.2017 16:30

Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 2

Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 2

Սկիզբը

 

Ասեմ, որ շարունակում եմ ինձ եւ շատերին մտահոգող այս խնդրի մասին գրել առանց չնչին ակնկալիքի, որ Վիքիպեդիայի պատասխանատուները որեւէ հետեւություն կանեն։ Ամենեւին։ Նրանք շարունակում են սրբորեն պահպանել իրենց «հավաստի աղբյուր» գրաֆոմանների տեքստերը, ավելին՝ արգելել են որեւէ խմբագրում, որ հանկարծ իրենց անձնական օգտագործման «պատմիչները» չնեղսրտեն։ Շարունակում եմ գրել միմիայն «Իլուր»-ի ընթերցողների համար։

Վերստին հիշեցնեմ. Վիքիպեդիայում ընթերցողն ակնկալում է կարդալ հավաստի աղբյուրներից հղումներ, փաստեր, եւ եթե նույնիսկ ներկայացված տեղեկությունը հնարավոր չէ հաստատել, ապա՝ տվյալ տեղեկության բազմակողմանի, առնվազն՝ երկկողմանի լուսաբանում։

Սա իմ կամայական շարադրանքն է, բայց բխում է Վիքիպեդիայի պատասխանատուների ազդարարած սկզբունքներից։

Նշված սկզբունքների փնտրտուքով առաջնորդվելով՝ շարունակենք ընթերցել Վազգեն Սարգսյանի Վիքիպեդիայի էջը։

Հաջորդ խորագիրը սա է՝ Շահումյանի անկումը և Վ.Սարգսյանի հասցեին մեղադրանքները

Այս խորագրի ներքո էլ կարդում ենք, որ չնայած «այլ տեսակետներ» նույնպես կան, բայց, ըստ Վիքիպեդիայի մեզ անհայտ չափիչ գործիքի տվյալների, «ամենից տարածվածն» այն տեսակետն է, որ «Շահումյանի անկումը պայմանավորված է այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, հատկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի դավաճանությամբ»։ Ինչու՞։ Որովհետեւ Շահումյանի անկումից անմիջապես հետո մայրաքաղաք է ժամանել Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանը եւ «կատարվածն անվանել պետական մակարդակով իրագործված դավաճանություն»։

Հետո՞։

Հետո մի երկար «նաղլ», թե ով ինչ է ասել Շահումյանի անկման մասին, «բնականաբար»՝ բոլոր մեջբերումներն այն մասին են, թե ինչպես են այս երկու «դավաճանները» հանձնել Շահումյանը, եւ ոչ մի մեջբերում վերեւում նշված «այլ տեսակետ» արտահայտողներից։

Դատավճիռը կայացված է։ Ուզում եք ուզեք, չեք ուզում՝ ձեզ պատեպատ զարկեք։ Այս «նաղլից» արված հետեւությունը մեկն է՝ երկրի ղեկը ՀՀ քաղաքացիների քվեով ընտրված դավաճանների ձեռքին է, որոնց միակ նպատակը Արցախը հանձնելն է։ Պարզ է, չէ՞, որ այս մեղադրանքներն անպատասխան չեն մնացել, եւ այդ պատասխաններն էլ պետք է «հավաստի աղբյուրները» ներկայացնեին, ու ընթերցողներիս կամքին թողնեին, թե ո՛ր կողմին հավատանք։ Չփնտրեք, չեք գտնի։ Դավաճան են, եւ վե՛րջ։ Դե, բոլորդ էլ տեղյակ եք ու այսօրվա պես հիշում եք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը հզոր պետություն էր, ծաղկման ու բարգավաճման գագաթնակետին էր, մինչեւ ատամները զինված հզոր բանակ ուներ, մտքներիս դնեինք՝ Արեւմտյան Հայաստանն էլ կգրավեինք, Սոչին ու մի քիչ դենն էլ, բայց ահա «դավաճան» իշխանությունը կարող էր ու չցանկացավ Շահումյանը պահել։

Բայց սպասեք։ Հո սրանով «դավաճանությունը» չի՞ ավարտվում։ Հաջորդ խորագիրն էլ սա է. Արծվաշենի անկումը և Վ.Սարգսյանի դերակատարությունը։

Այստեղ էլ կարդում ենք, որ Ադրբեջանի ներսում «անկլավային կարգավիճակում գտնվող» Արծվաշենը նույնպե՛ս հանձնել է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այլեւայլ «վարկածներ» էլ կան, մեծահոգաբար ընդգծում են Վիքիպեդիայի հավաստի աղբյուրները եւ կրկին «բնականաբար» չեն ասում, թե դրանք ինչ վարկածներ են, այլ վերստին իրենց կախարդական չափիչ գործիքով որոշում են, որ «ամենից տարածված» տեսակետն այն է, որ ՀՀ իշխանությունները «ՀՀ-ին պատկանող հողակտորը ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ (ընդգծումն իմն է – Լ.Ճ.)» հանձնել են ադրբեջանցիներին։

Լա՛վ, համաձայն ենք, դիտավորությամբ հանձնել են։ Հիմա ի՞նչ, այսպես խավարում խարխափե՞նք մտատանջվելով, թե ինչու են այսպես ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ իրար հետեւից մեր հողերը հանձնում էս տղերքը, թե ինչու է «հենց Վազգեն Սարգսյանի անմիջական հրամանով նախ Արծվաշենի պաշտպանությունը թուլացվել և հետո այն հանձնվել ադրբեջանցիներին»։

Սա դեռ բոլորը չէ. «հայտնի է նաեւ», որ 1994-ին էլ է հնարավորություն ստեղծվել Արծվաշենը ազատագրելու, բայց Վազգենն արգելել է։ Ում է հայտնի, որտեղից է հայտնի՝ միայն Սվետիկն ու էն դժոխքի դարպասապահը գիտեն։ Ու մեկ էլ այն վիքիականները, որ այս գրամոլներին գլխներիս Մովսես Խորենացի են կարգել։

Բայց ենթադրենք՝ միջակից ցածր գիտելիքով «բեռնված» ինչ-որ կասկածելի մարդիկ չեն սրանք։ Ենթադրենք՝ կարկառուն պատմաբաններ են։ Իսկ որտե՞ղ են «այլ տեսակետի» կրողները։ Չչարչարվեք, խոշորացույցով էլ փնտրեք, այլ տեսակետ չեք գտնի այս երկու խորագրերի ներքո։ Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության առաջին իշխանության մասին է, ուրեմն հավաստի աղբյուրների թիկունքին «սարի պես» կանգնած են զանազան գեհենականներ, ՀԱԲ-ականներ եւ, «բնականաբար» դաշնակցական մամուլը, որոնց «անաչառության» մաուզերի խոր եւ անբուժելի, թարախոտած սպիներն էլ կարող եք լիուլի գտնել մեր այսօրվա պատմության դասագրքերում։

Հո չե՞ք կարծում, որ հիմա սկսելու եմ կռիվ տալ, թե՝ չէէէէ, հնարավոր բան չէ, որ ՀՀ իշխանությունները «դիտավորությամբ« հանձնեին Շահումյանն ու Արծվաշենը։ Ոչ։ Ընդամենը եկեք հիշենք, որ չնայած այդ շրջանում Հայաստանի ողբալի վիճակին, Ադրբեջան-Արցախ պատերազմում հաղթել ենք մենք։ Կարդում եմ ահա Վիքիպեդիայի այս «ամենից տարածված» տեսակետները եւ մտածում՝ ա՛յ մարդ, էսպես էլ բան կլինի՞, փաստորեն չկարողացան, էլի, էս «դավաճանները» «դիտավորությամբ» հանձնել նաեւ ողջ Արցախը, դեռ մի բան էլ դենը։ Դե, որովհետեւ Արցախին այլմոլորակայիններն էին զենք մատակարարում, Արցախում այլմոլորակային երիտասարդներ էին զոհվում, եւ Հայաստանի «դավաճան» իշխանություններին չհաջողվեց «դիտավորյալ» հանձնումը մինչեւ վերջ իրականացնել։

Ուշադիր ձեր շուրջը նայեք, սա հոգեբուժարա՞ն է բաց երկնքի տակ, թե պետություն։ Մի կերպ է շնչում, բայց պետություն է, չէ՞։ Էս ի՞նչ են անում հայտնի չէ որտեղից սնվող էս վիքիական ջահել-ջուհուլները մեր պատմության ամենալուսավոր էջի հետ։ Ուշադիր ձեզ նայեք՝ այլոց վանդալիզմի մեղադրանք ներկայացնելուց առաջ։ Այն ահարկու չափերով վանդալիզմը, որ մեր նորագույն պատմության նկատմամբ է կիրառվում հայերեն Վիքիպեդիայում, մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել։

Բայց սա հո նորությու՞ն չէ։ Հոգեկան հիվանդությանը համարժեք զառանցանքը, ըստ որի՝ եթե պարտվել ենք, մեղավորը ՀՀ իշխանությունն է, եթե հաղթել ենք՝ ՀՀ իշխանությունն այդ հաղթանակի հետ կապ չունի՝ վաղուց է քաղցկեղի պես շնչահեղձ անում մեր պատմությունը, եւ Վիքիպեդիան եւս ախտահարված է։ Ինչու՞։ Ինչպե՞ս։ Դե երեւի իրենք էլ են «տուն պահում»։

Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին եւ անցնում հաջորդ խորագրին՝ «Արծիվ-մահապարտների» կազմավորումը

«Արծիվ մահապարտների» մասին ընդամենը մի քանի ժլատ տող կա։ Ահավասիկ. ««Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի հեռուստաելույթից հետո, որի ժամանակ նա կոչով հանդես եկավ հասարակության առջև և առաջարկեց ստեղծել 500 անձից բաղկացած ստորաբաժանում։ Այն ձևավորվեց ՀՀ տարբեր շրջաններից հավաքագրված կամավորներից, որոնց հրամանատար նշանակվեց Ա․ Պետրոսյանն (ընդհանուր համակարգող) ու Հ․ Հովսեփյանը։ Գումարտակը մասնակցել է մի շարք ռազմագործողությունների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի տարբեր բնակավայրերում։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3», «Արծիվ-33» ջոկատները, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում նույնպես մասնակցել են ռազմական գործողությունների»։

Այսքանը։ Ոչ մի «ամենից տարածված» տեսակետ չեք գտնի այստեղ, թե էս «դավաճան», Շահումյանն ու Արծվաշենը «դիտավորությամբ» հանձնող Վազգեն Սարգսյանն ինչու՞ էր մահապարտների գումարտակ ստեղծում, եւ ինչ դերակատարում ունեցավ այդ գումարտակը պատերազմի ամենածանր շրջանում։ Վիքիպեդիայի անաչառ պատասխանատուները հո մեղավո՞ր չեն, որ իրենց հավաստի աղբյուրներն այս հարցում ծուլացել են։

Իսկ ահա «Հոկտեմբերի 27» խորագրի ներքո չեն ծուլացել, այլ մուշ-մուշ քնել են։ Դե փոքրիկ միջադեպ էր, էլի.  մի քանի զինված ռոմանտիկներ մտնում են Ազգային ժողովի դահլիճ, «որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը»։

Պա՛հ, ինչ մի կարեւոր բան է, որ հավաստի աղբյուրները գլուխները ցավեցնեին։ Ութ մարդ են սպանել էլի, ընդամենը՝ Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, ԱԺ փոխնախագահին, մի քանի պատգամավորների ու նախարարի։ Մեծ բան։ Հո ՀԱԲ-ի ձերբակալված տղերքն ու աղջկերքը չեն, որ անունները հատ-հատ դաջեն պատմության ճակատին։

Հաջորդ խորագիրը՝ Քաղաքական գործունեությունը

Այստեղ նորից բլբուլ են կտրել վիքիականների հավաստի աղբյուրները, եւ ահա թե ինչ է պարզվել։ Պարզվել է, որ Վազգենի քաղաքական գործունեության միակ էջը սա է. «1996 թ.-ի նախագահական ընտրություններն ու բողոքի ցույցերի ճնշումը»։

Լավ թե վատ՝ ներկայացված են այդ օրերի բոլորիս հայտնի իրադարձությունները։ Եվ մեկ էլ ներխուժում է «ՀԱԲ-ի Սվետիկը», եւ ի՞նչ է պարզվում։ Ըմբոշխնեք. «Սակայն երբ ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն՝ ներքին գործերի աշխատակիցների ռազմական հագուստ կրող քողարկված ԵԿՄ-ականները Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ինքնաձիգներից կրակում են ցուցարարների ուղղությամբ, որի հետևանքով ՍՊԱՆՎՈՒՄ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ (ընդգծումն իմն է – Լ.Ճ.)»։

Սրա անունը գիտե՞ք ինչ է, վիքիականներ։ Չէ, սա վանդալիզմ չէ մեր պատմության նկատմամբ, այլ մանր, ճղճիմ ջեբկիրություն է։ Նույնիսկ ՀՀ առաջին իշխանության ամենամոլագար հակառակորդները գիտեն եւ չեն ժխտում, որ այդ օրը մեկ մարդ անգամ չի սպանվել, ինչ մնաց՝ բազմաթիվ։

Այդ սպանվողները հավի ճտեր չեն եղել, Հայաստանի քաղաքացիներ են եղել, չէ՞։ Ուրեմն հանրությանը ներկայացրեք բոլոր սպանված քաղաքացիների անունները։ Չեք կարող։ Նույնիսկ ձեր «ՀԱԲ-ի Սվետիկը» չի կարող։ Իսկ եթե կարող եք ու չեք ասում, ուրեմն ձեզ պետք է անհապաղ դատել՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ սարսափելի հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար։

Ափսոս եք. ախր շատ երիտասարդ եք, այս ինչ աղբ եք առել ձեր ուսերին։ Հանուն ինչի՞։ Հանուն այն ողորմելի պահի, որ ՀՀԿ-ի ղեկավարը «երջանկացնի՞» ձեզ իր այցով։

Ո՜նց եմ ցավում։

Շարունակելի