21.11.2017 16:45

Մելիքյան. Իշխանությունը փորձում է խստացնել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը

Մելիքյան. Իշխանությունը  փորձում է խստացնել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը

«Իշխանությունը հերթական անգամ խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու»,- այս մասին անհանգստություն է հայտնում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կարծում է, որ  կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը ստեղծված է վերահսկողական գործառույթ իրականացնելու համար։ Այն խնդիրները, որոնք առկա են դաշտում, ըստ Մելիքյանի, նոր օրինագծում իրենց լուծումները չեն գտել։

«Հեռարձակման ոլորտը մեզանում բավականին վերահսկելի է իշխանությունների, քաղաքական այլ ուժերի կողմից։ Հեռուստաընկերությունների հիմնադիրներն այսպես կամ այնպես միջամտում են դրանց գործունեությանը։ Հանրային հեռուստաընկերությունը, պետականից վերածվելով հանրայինի, այնուամենայնիվ չդարձավ հանրային և իշխանության խոսափողն է մնացել։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողությունները ընդլայնվել են, և այն ավելի շատ դարձել է վերահսկող, քան կարգավորող մարմին։ Օրինագծում հենց օգտագործվում է վերահսկում բառը»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

Փորձագետը նշել է, որ հասարակական-քաղաքական ակտիվության շրջանում անխուսափելի են լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ արշավները՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական բռնություն: նա հիշեցրել է «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ոստիկանության բռնի գործողությունները լրագրողների դեմ, երբ պաշտոնապես 21 լրագրող տուժող է ճանաչվել, մինչդեռ, շուրջ 3 տարի շարունակ քննվող գործում 4 մեղադրյալ է ներգրավվել: Իսկ 2016-ի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից հետո ընդամենը 9 անձի է մեղադրանք առաջադրվել, երբ տուժողներն էլի 20-ից ավելի էին։

«Սա կանաչ լույս է վառում այն անձանց համար, որոնք կարող են իրենց թույլ տալ լրագրողի կամ օպերատորի գործունեությունը խոչընդոտել»,- նշեց Աշոտ Մելիքյանը։