21.11.2017 22:59

Լոռեցիները պարբերաբար բողոքում են Վանաձորի հիվանդանոցի վատ աշխատանքից

Լոռեցիները պարբերաբար բողոքում են Վանաձորի հիվանդանոցի վատ աշխատանքից

2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան: Նրան ցուցաբերված բժշկական օգնության ընթացքում հնարավոր խախտումները պարզելու համար վարույթն իրականացնող մարմինը նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հանձնաժողովի կազմում մասնակցել են բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների նեղ մասնագետներ։

Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացում և նրա մահվան: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քաղաքացիներից ստացված հաղորդումների քննության արդյունքում պարզվել է, որ Վանաձորի հիվանդանոցի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը կրում է շարունակական և պարբերական բնույթ, ինչի արդյունքում հասարակության շրջանում առաջանում են դժգոհություններ:

Մանրամասն ներկայացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանը մարզպետին միջնորդել է  քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ու բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար: