22.11.2017 13:52

Ջուրը թանկացավ, բայց չի թանկանա

Ջուրը թանկացավ, բայց չի թանկանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, այսօր կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների վերանայման մասին հարցը։

«Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուց­ման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից»։

Հիշեցնենք, որ ջրի գործող սակագինը 180 դրամ է:

Ուշագրավ է, սակայն, այլ հանգամանք: Թեեւ սակագինը բարձրացել է, սակայն բաժանորդների համար գինը չի փոխվի: Դե, որովհետեւ վերջերս Կարեն Կարապետյանն էր այդպիսի հրահանգ տվել: Եւ ահա, քանի որ սակագինը 11 դրամով բարձրացել է, թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին: Համենայնդեպս՝ այդպիսի հայտարարություն է արել այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը:

Սուբսիդավորման հարցը պետք է քննարկվի այս տարվա ընթացքում՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը: