22.11.2017 14:40

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հայտնվել է օվկիանոսում

 Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հայտնվել է օվկիանոսում

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ինքնաթիռը ընկել է օվկիանոսը՝ ճապոնական Օկինավա կղզուց քիչ հեռու: Ինքնաթիռում 11 անձ կար: Ինքնաթիռն ուղղվում էր դեպի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, որը հերթապահություն էր իրականացնում Ֆիլիպինյան ծովում: Ինքնաթիռի անկման պատճառները դեռ հայտնի չեն: Այժմ ընթանում է փրկարար օպերացիա, եւ ինքնաթիռի անձնակազմի ու մյուս անձնանց վիճակի մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ նրանց ջրից դուրս կբերեն: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ 7-րդ նավատորմին կից բուժօգնության ծառայությունից:

ԿԺԴՀ հետ հարաբերությունների լարվածության պատճառով ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում Ռազմածովային ուժերի խոշոր խմբավորումներ է կենտրոնացրել:

«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը՝ ամերիկյան երկու այլ ավիակիրների հետ միասին, այս ամսվա կեսերին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների է մասնակցել: Հաղորդում է BBC-ն: