22.11.2017 16:40

Արսեն Գրիգորյան. Դժբախտ Հերմինեն

Արսեն Գրիգորյան. Դժբախտ Հերմինեն
Ծաղրանկարը օգտագործվել է Medialab.am կայքի հատուկ թույլտվությամբ:

Հերմինե Նաղդալյանը կվճարի մոտ 2 մլն դրամ ռոումինգի տարածքից իր որդու հետ խոսելու համար։ Մինչեւ հիմա միլիարդատեր Նաղդալյանը մարսել է այդ միլիոնները, խորհրդարանը վճարել է։ Այդ հիմա ենք ցնծում։ Իսկ դուք պատկերացրեք, որ Նաղդալյանը տարիներով չի վճարել։ Հիմա կվճարի։ Դա նշանակում է, որ չի վճարի մեկ ուրիշը, ասենք՝ Արփինե Հովհաննիսյանը։ Որովհետեւ հանցագործները փոխվում են, հանցագործությունները չեն փոխվում։ Հենց դա է ավտորիտարիզմը։ Այն «դեմոկրատական» է հանցագործի մահկանացուության մեջ, բայց հանցագործությունն անձեռնմխելի է։

Ինչ-որ մեկը սա շատ մանրամասն կբացատրի տիկին Նաղդալյանին։ Այլ խոսքով՝ կասի, որ կերակրատաշտի մոտ հերթեր են գոյանում, դու պետք է զիջես, երիտասարդներ են գալիս, պետք է թարմացնել անբարոյականության արյունը։ Նույնիսկ եթե տիկին Նաղդալյանը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, զիջել պարտավոր է, որովհետեւ մասը թանկ է ամբողջից։

Չկարծեք, թե դժբախտ Հերմինեին գահընկեց անելը քաղաքականություն է։ Քաղաքականությունը Ռոբերտ Մուգաբեին պաշտոնազրկելն է։ Որովհետեւ մի քանի պետությունների մատն է խառը, սեփական ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Հերմինե Նաղդալյանին իր խոսածի համար վճարել պարտադրելու հետ նույնպես ՀՀ քաղաքացին կապ չունի։ Ներքին «անարյուն իշխանափոխություն» է։ Տիկին Նաղդալյանը իր «հայրենասիրության» համար առատորեն վճարվել է, բիզնեսներ է ձեռք բերել, պետություն է մսխել, մի խոսքով՝ ապացուցել է անփոխարինելի հանրապետական լինելը։ Բայց հենց դա է կուրյոզը՝ անփոխարինելին անժամկետ չէ։

Այնպես չէ, որ տիկին Հերմինեն պատասխան է տալիս իր արածի համար, ինքը հո Վահե Ավետյան չի սպանել, որի կյանքը վերականգնել հնարավոր չէ։ Ինքը բյուջեի հաշվին խոսել է միշտ։ Պարզապես այլեւս չի խոսի։ Ու դա նորմալ է: Բայց որպեսզի հասարակական ցնծությունը մեծ չլինի, որեւէ պատիժ չեն սահմանում։ Պանամական օֆշորի մեջ թաթախված Միհրան Պողոսյանը նույնպես պատասխան չտվեց։ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը՝ նույնպես։ Հիշում եք, հանրապետական ուսուցիչները նույնիսկ իրենք էին պատրաստվում հակահարձակման անցնել Դանիել Իոաննիսյանի դեմ։ Անտեսանելի ձեռքը միայն կանխեց այն։

Ոչ ոք վաղուց չի մտածում, որ հանրապետականը կարող է կարգին մարդ լինել։ Նրանց ապօրինությունները նույնիսկ օրինաչափ են ընկալվում։ Հո չենք պահանջում բյուջեն չթալանել։ Չէ, բյուջեն մերը չէ, մենք դա գիտենք։ Ահա ինչու ենք ցնծում, երբ տեղեկանում ենք, որ Հերմինե Նաղդալյանն իր գրպանից պետք է վճարի էդ մոտ 2 միլիոն դրամը։ Մինչդեռ նորմալ երկրներում մարդը սկզբից հրաժարական է տալիս էս սկանդալի համար, հետո ընկնում է հետաքննության տակ եւ,-գենդերի ջանը սաղ լինի,-որպես տղամարդուն խիստ հավասար էակ հայտնվում է ճաղերի արանքում։

Չէ, մենք վաղուց պատասխանատվության մասին չենք մտածում, այլ՝ օրինախախտին տեղը դնելու։ Մենք ուզում ենք, որ տիկին Հերմինեն պարզապես վատ զգա իրեն, հասկանա, որ նախկին արտոնությունները չկան։ Իսկ այն, որ այդ ապօրինություններում ու մսխումներում նրան փոխարինելու է տիկին Ափինեն, մեզ դեռեւս չի հուզում։ Համ էլ՝ տիկին Արփինեի ապօրինությունների մասին դեռ ոչ ոք չի գրել։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Հերմինե Նաղդալյանի մասին էլ չէին գրել։ Մինչդեռ պարզվեց, որ մարդը միշտ էլ բյուջեի հաշվին մի քանի հարյուր հազարի հեռախոսազրույց է ունեցել Չինաստանում ապրող եւ աշխատող որդու հետ։

Միայն չհասկացա, թե ի՞նչ թիթիզություն էր էդ 2 միլիոնի մասին տեղեկությունը հերքելը։ Մենք հո չենք ասել, որ բյուջեն Հայաստանի Հանրապետությանն է, էլի ձերն է, կերեք, ինչպես կարող եք։ Հերքելը ո՞րս է։