22.11.2017 18:46

Գրքեր, որոնք գրվել են բանտում

Գրքեր, որոնք գրվել են բանտում

Համաշխարհային գրականության պատմությունը բազմաթիվ դեպքեր «գիտի», երբ հայտնի գրքերը գրվել են հեղինակների՝ ճաղերի հետեւում գտնվելու ժամանակ:

Մարկո Պոլո. Աշխարհի բազմազանության մասին

Չինաստանից վերադառնալուց հետո, Պոլոն մասնակցել է Ջենովայի եւ Վենետիկի միջեւ ընթացող պատերազմին, գերի ընկել, եւ հայտնվել ճաղերի հետեւում: Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է գրող Ռուստիկելլոյի հետ: Պոլոն վերջինիս սկսել է պատմել իր բազմաթիվ ճամփորդությունների մասին: Պատմություններն այնքան են գրավել գրողին, որ նա սկսել է դրանք գրի առնել: Ցավոք, ձեռագրի օրիգինալը չի պահպանվել:

Թոմաս Մելորի. Արթուրի մահը

Անգլիացի միջնադարյան այս գրողի մասին շատ բան հայտնի չէ: Նա ասպետ էր, մասնակցել է Կարմիր եւ Սպիտակ վարդերի պատերազմին, եւ հետագայում բանտում հայտնվել բռնաբարությունների ու կողոպուտի համար: Բանտում անց է կացրել 20 տարի: Ճաղերի հետեւում Մելորին հսկսել է գրել «Արթուրի մահը» գիրքը, որտեղ ամփոփված են ժողովրդական բազմաթիվ լեգենդներ, հենց նա է ստեղծել Արթուր թագավորի եւ կլոր սեղանի ասպետների մասին ամենաամբողջական պատումը:

Միգել դե Սերվանտես. Դոն Քիշոտ

1597 թվականին իսպանացի մեծ գրող Սերվանտեսը բանտում է հայտնվում՝ պետական գումարները վատնելու մեղադրանքով: Բանտում էլ հենց Սերվանտեսը գրում է իր հայտնի վեպի սեւագիր տարբերակը, որը լույս տեսավ 1605 թվականին եւ մեծ հռչակ բերեց նրան:

Տոմազո Կամպանելլա. Արեւի քաղաքը

Իտալացի փիլիսոփա Տոմազո Կամպանելլան իր ուտոպիստական «Արեւի քաղաքը» վեպը գրել է ինկվիզիցիայի նկուղներում անցկացրած տարիներին: Հերետիկոսության մեջ մեղադրված Կամպանելլան  դատապարտվել էր դաժան խոշտանգումների, 16 տարի շղթայով կապված լինելով պատին՝ անց է կացրել բանտի միայնակ խցում: Նրա հանդեպ վերաբերմունքը փոխվել է քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, երբ  նրան տեղափոխեցին այլ վայր, թույլ տվեցին գրել եւ կարդալ, կազմել աստղագուշակներ, անգամ՝ հյուրեր ընդունել: Հենց այդ ժամանակ էլ փիլիսոփան սկսեց գրել իր ուտոպիստական վեպը: Նրան ազատ են արձակել միայն 1629 թվականին՝ ազատազրկումից 30 տարի անց:

Մարկիզ դե Սադ. Սոդոմի 120 օրը

Ֆրանսիացի մարկիզ դե Սադը մեկ անգամ չէ հայտնվել սկանդալների կենտրոնում: Հատկապես սեռական բնույթի: Եւ պատահական չէ, որ նա ի վերջո հայտնվեց Բաստիլի բանտում՝ բռնաբարությունների մեղադրանքով:  Բաստիլում անցկացված 7 տարիների ընթացքում, նա պոռնոգրաֆիկ բնույթի մի քանի վեպեր ու պատմվածքներ գրեց:   Դրանց թվում էր նաեւ հայտնի դարձած «Սոդոմի 120 օրը»:

Նիկոլայ Չերնիշեվսկի. Ի՞նչ անել

Այն, որ հեղափոխականների սեղանի գիրքը՝ «Ի՞նչ անելը» գրվել է բանտում, առավել հայտնի փաստ է: Հայտնի է նաեւ գրքի ստեղծման հստակ ամսաթիվը. 1862 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 1863 թվականի ապրիլի 4-ը: Զարմանալին այն է, որ այն ժամանակ պետական գրաքննությունը չի արգելել վեպը եւ այն տպագրվել է «Սովրեմեննիկ» ամսագրում: Սակայն, որոշ ժամանակ անց ցարական օխրանկան հասկացավ իր սխալը, գրաքնիիչն ազատվեց աշխատանքից, իսկ գիրքն արգելեցին:

Օսկար Ուայլդ. De Profundis

«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի հեղինակ Ուայլդը՝ երկարատեւ դատական գործընթացներից, գրքերի վաճառքի արգելումից հետո ի վերջո հայտնվեց Ռեդինգյան բանտում: Սա վատ ազդեցություն ունեցավ գրողի առողջական վիճակի վրա: Ազատ արձակումից հետո տեղափոխվեց Ֆրանսիա եւ որոշ ժամանակ անց մահացավ այնտեղ: Բանտում գրողի կրած տանջանքների հուշարձանը դարձավ խոստովանություն-նամակը՝ ուղղված Ուայլդի սիրեցյալ լորդ Ալֆրեդ Դուգլասին: Այն հրապարակվեց 1904 թվականին՝ գերմաներեն լեզվով: Ուայլդի հայրենիքում ստեղծագործությունը անգլերենով հրապարակվեց միայն 1962 թվականին:

Լեոնիդ Սոլովյով. Հեքիաթ Խոջա Նասրեդինի մասին

«Հեքիաթ Խոջա Նասրեդինի մասին»-ի երկրորդ մասը Սոլովյովը գրեց անազատության մեջ: 1946 թվականին սիրված գրքի հեղինակին հայտարարեցին ազգի թշնամի՝ եւ դատապարտեցին տաս տարվա ուղղիչ աշխատանքային ճամբարի: Ճամբարի ղեկավարի հովանու ներքո, որը պարզվեց Սոլովյովի ստեղծագործության սիրահարն էր, Սոլովյովին թույլ տվեցին ազատ ժամանակ աշխատել գրքի երկրորդ մասի վրա: Հեղինակն այն ավարտեց 1950 թվականին: