22.11.2017 20:28

Ո՞վ է նա, ո՞վ է նա. Մնանգագվան կղեկավարի Զիմբաբվեն

Ո՞վ է նա, ո՞վ է նա. Մնանգագվան կղեկավարի Զիմբաբվեն

Զինված հեղաշրջումը Զիմբաբվեում կարելի է ավարտված համարել. 1980 թվականից երկրի անփոփոխ ղեկավար Ռոբերտ Մուգաբեն հեռացված է նախագահի պաշտոնից: Նրա պաշտոնին հավակնում է երկրի փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան, ով որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ կարող է նախագահ դառնալ արդեն մոտ օրերս:

Մնանգագվան ծնվել է 1946 թվականին, արդեն պատանի տարիքում մասնակցել է սպիակամորթների դեմ սեւամորթների պայքարին: Հյուսիսային Ռոդեզիա (ներկայիս Զիմբաբվե) տեղափոխվելուց հետո ավարտել է շինարարական ուսումնարանը, ապա ընդունվել է տեխնիկական քոլեջ, սակայն 18 տարեկանում հեռացվել է այնտեղից՝ բրիտանական գաղութատիրական իշխանությունների դեմ ունեցած քաղաքական ելույթների համար:

60-ականների սկզբին հարել է զամբիական ազգային անկախության միացյալ կուսակցությանը, իսկ 1962 թվականին միացել է «Զիմբաբվեի աֆրիկյան ժողովուրդների միությանը», որը հիմնադրվել էր որպես հայրենասիրական ճակատ, ուսում է ստացել ռազմական ճամբարներում՝ ներկայիս Տանզանիայի եւ Եգիպտոսի տարածքներում, հետո դարձել է 1963 թվականին հիմնադրված «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության» անդամ, (վերածված  «Զիմբաբվեի աֆրիկյան  ազգային միություն-հայրենասիրական ճակատ»-ի), որի հիմնադիրների մեջ էր նաեւ արդեն նախկին նախագահ Մուգաբեն:

Մնանգագվան դարձել էր Մուգաբեի՝ սպիտակ փոքրամասնության կառավարության դեմ պարտիզանական պայքարի ամենահավատարիմ աջակիցներից մեկը: 1965 թվականին ձերբակալվել եւ դատապարտվել է մահապատժի, որը հետո, հաշվի առնելով նրա անչափահաս լինելը (դեռ 21 տարեկան չկար) փոխարինվեց տաս տարվա ազատազրկմամբ: Ճաղերի հետեւում զբաղվել է ինքնակրթությամբ, հեռակա կարգով ստացել է Լոնդոնի համալսարաններից մեկի դիպլոմ: Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել եւ արտաքսվել Զամբիա, որտեղ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

1977 թվականին ընտրվել է ԶԱԱՄ-ի ղեկավար կազմի անդամ, ղեկավարել է կուսակցության քաղաքացիական եւ ռազմական ստորաբաժանումները, ինչպես նաեւ անվտանգության ծառայությունը: 1980 թվականին՝ ընտրություններում ԶԱԱՄ-ի հաղթանակից հետո, կառավարության ղեկավար է դառնում կուսակցության նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Մնանգագվան նրա կառավարությունում ստանձնում է պետական անվտանգության նախարարի պաշտոնը, եւ այդ պաշտնում համակարգում կենտրոնական հետախուզական կազմակերպությունը, որը հայտնի դարձավ ընդդիմախոսների ճնշման ծայրահեղ դաժան մեթոդներով:

Հետագայում Մնանգագվան փոխեց մի շարք պաշտոններ՝ արդարադատության նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնակար, Խորհրդարանի Ստորին պալատի ղեկավար:

Սակայն 2004 թվականին հեռացվում է կուսակցական պաշտոնից, քանի որ նախագահ Մուգաբեին անհանգստացնում էին վերջինիս քաղաքական ամբիցիաները եւ մասնավորապես փոխնախագահի պաշտոնը ստանալու ցանկությունը: 2004-2014 թվականներին այդ պաշտոնը ստանձնում է Մուգաբեի կնոջ՝ Գրեյսի մտերիմներից մեկը՝ Ջոյս Մուջուրուն: Ինքը՝ Մնանգագվան մի քանի տարի ոչ մի պաշտոն չի զբաղեցնում: 2005-2009 թվականներին բնակշինության նախարարն էր, եւ չէր մասնակցում կուսակցական գործունեությամբ:

Մեծ քաղաքականություն նրա վերադարձը սկսվեց 2008 թվականին, երբ ղեկավարեց Մուգաբեի նախընտրական շտաբը: Առաջին անգամ նախագահը ընտրություններում չի ստանում մեծամասնության քվեները՝ զիջելով ժողովրդավարական փոփոխությունների համար շարժման ղեկավար Մորգան Ցվանգիրային: Հաղթողին որոշելու համար նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ: Սակայն, երկորդ փուլի անցկացումից օրեր առաջ ընդդիմադիրը հայտարարում է, թե հանում էիր թեկնածությունը՝ իշխանությունների կողմից ճնշումների պատճառով: Ըստ ԶԼՄ-ների, ընդդիմադիրներին վախեցնելու հարցում ոչ փոքր դերակատարություն ունեցավ նաեւ Մնանգագվան: Այդ ժամանակ էլ նա ստանձնեց օպերատիվ միացյալ հրամանատարությունը. կոմիտե, որի մեջ էին մտնում ուժային կառույցները: Այն ոչ մեկ անգամ քննադատվեց իրավապաշտպանների կողմից, իսկ ինքը Մնանգագվան՝ Մուգաբեի եւ նրա կնոջ հետ միասին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից հայտնվեց սանկցիաների կիզակետում: Այն ներառում էր մուտքի վիզայի չտրամադրում եւ բանկային հաշիվների սառեցում:

2009-ին Մնանգագվան դարձավ պաշտպանության նախարար, իսկ չորս տարի անց՝ արդարադատության նախարար: 2013-ի նախագահական ընտրություններում նորից ղեկավարեց Մուգաբեի նախընտրական շտաբը: 2014-ին նշանակվեց փոխնախագահ, եւ դարձավ Մուգաբեից հետո երկրորդ ազդեցիկ մարդը երկրում: Շատերի կարծիքով՝ նաեւ նրա իրավահաջորդը: Սակայն այդ ամենը կարճ տեւեց, փոխնախագահ դառնալուց հետո վերջինիս քաղաքական կարիերան նորից վտանգվեց, պատճառը Մուգաբեի կինն էր՝ Գրեյսը: Կամ ավելի ճիշտ իրավահաջորդի հարցում այդ երկուսի մրցակցությունը: 2017-ին այդ հակամարտությունը ավելի սրվեց, Գրեյսը հրապարակավ քանիցս կոչ արեց ամուսնուն պաշտոնանկ անել Մնանգագվային, քանի որ նա պետական հեղաշրջում է նախապատրաստում: Մնանգագվան էլ իր հերթին հայտարարեց, թե իրենց փորձել են թունավորել պաղպաղակի միջոցով, որն արտադրում են առաջին տիկնոջը պատկանող գործարանում: Ի պատասխան Գրեյսը հայտարարեց. «Ես նախագահի կինն եմ, իսկ նա ո՞վ է, որ փորձեմ նրան թունավորել»:

Նոյեմբերի 6-ին Մուգաբեն Մնանգագվային պաշտոնանկ արեց, ինչից հետո վերջինս լքեց երկիրը, ըստ որոշ տեղեկությունների, մեկնեց ՀԱՀ: Մեկ օր անց նա նախագահին բաց նամակ հղեց՝ մեղադրելով իշխանությունը բռնազավթելու մեջ:  Նոյեմբերի 13-ին Զիմբաբվեի զինված ուժերը պատրաստակամություն հայտնեցին խառնվել քաղաքական գործընթացներին, 15-ին մի շարք զինվորականներ գրավեցին Զիմբաբվեի հեռուստաաշտարակը, հետո մայրաքաղաքի այլ առանցքային շինություններ, եւ ապա արդեն կալանքի տակ առան իրեն՝ երկրի նախագահին: Նախագահի կինը՝ Գրեյսը լքեց երկիրը, իսկ Մուգաբեն մի քանի օր գտնվելով տնային կալանքի տակ ու միաժամանակ դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո հայտարարեց իր հրաժարականի մասին:


Նյութը՝ ըստ ТАСС-ի: