23.11.2017 12:21

Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 3

Լիզա Ճաղարյան. Հայերեն Վիքիպեդիայի պերճանքն ու թշվառությունը - 3

Սկիզբը՝ մաս 1, մաս 2

Հասանք Վանո Սիրադեղյանի էջին։

Եվ մինչ Վազգեն Սարգսյանի Վիքիպեդիայի էջում իշխող խայտառակ կամայականություններին էի անդրադառնում, հասցրի կրկին համոզվել, որ նույնիսկ չափազանց արդարամիտ թվացողների մեծ մասը, որոնց, թվում է, պետք է շատ մտահոգեր այս խնդիրը, քար լռություն են պահպանում նշված աղաղակող խեղաթյուրումների ու կեղծիքների նկատմամբ, որովհետեւ այդ անազնիվ մամլիչի տակ ընկածներին, հայավարի ասած՝ չեն սիրում (հիմնավոր պատճառով, թե անհիմն՝ էական չէ), եւ իրե՞նց ինչ, որ նրանց նկատմամբ տեղեկատվական միակողմանի ահաբեկություն է սանձազերծված։ Բոլոր այդ «արդարամիտները» չարաչար սխալվում են, եթե կարծում են՝ իրենց «անբասիր» կերպարներին այս խնդիրը չի առնչվում։ Սեւ քարոզչությունը շատ կենսունակ է, հարգելիներս, մի բացառեք, որ մի օր կարթնանաք ու կտեսնեք՝ իր ճանկերը ձեր թիկունքն էլ է խրել։

Սա՝ ի դեպ։

Հաջորդը։ Վերջին օրերին ծավալված «վիքիպեդիական» քննարկումների ժամանակ հաճախ է հնչում այն տեսակետը, թե՝ դե Վիքիպեդիան է՛դ է էլի, ով ասես՝ մտնում է, ինչ ուզում՝ անում է։ Դյուրին եւ կարճ ճանապարհ է գլխացավանքից ազատվելու։ Նախ հիշեցնեմ, որ Հայերեն Վիքիպեդիա կոչվածը ոչ ավել-ոչ պակաս՝ «պրեզիդենտ» ունի, գրասենյակ ունի, աշխատակիցներ ունի, «վանդալներին» ու «զոռբաներին» արգելափակողներ ունի, համապատասխան տեխնիկական հնարավորություն ունի ցանկացած վիքիական էջ փակելու՝ խմբագրումներից զերծ պահելու համար, խեղաթյուրումներն ու կեղծիքները մատի մեկ շարժումով ջնջելու հնարավորություն ունի (այս վերջինը համառորեն չի անում)։ Այնպես որ, հարգելիներս, մեր Վիքիպեդիան անտեր չէ, տերեր ունի, եւ եթե արդեն պարզել ենք, որ այս կառույցը որբի գլուխ չէ, որ ով ցանկանա՝ բամփի, ուրեմն եւ՝ չարժե ջայլամի պես գլուխը մտցնել ավազի մեջ ու չբարձրաձայնել, որ մեր Վիքիպեդիայում կազմակերպված նենգ գրոհը ՀՀ առաջին իշխանության եւ հատկապես Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի նկատմամբ՝ կատարվում է Վիքիպեդիայի պատասխանատուների եթե ոչ՝ քաջալերանքով, ապա անպայման՝ իմացությամբ։ Միայն այն աղաղակող փաստը, որ ՀՀ առաջին իշխանության ներկայացուցիչների գրեթե բոլորի էջերում թագավորում են ոմն գեհենի առաքել, ոմն Սվետիկ, որոնց գրագիտության մակարդակը նույնիսկ միջնակարգ կրթության չի ձգում, բավական է՝ ենթադրելու համար, որ սրանց կասկածելի ներկայությանն այսչափ «ըմբռնումով մոտեցող» վիքիական պատասխանատուներն այնքան էլ միամիտ ու անտեղյակ չեն։ Հակառակ դեպքում վաղուց արդեն այս բանսարկուների վրա գործադրած կլինեին արգելափակման «կոճակի» զորությունը։

«Դե Վիքիպեդիան է՛դ է էլի» պատասխանատվությունից իբր թե ազատող «թեւավոր խոսքը» կաղում է երկու ոտքից։ Գործի բերմամբ ինքս ամեն օր ռուսերեն Վիքիպեդիայի տասնյակ էջեր եմ կարդում (այլ օտար լեզվի չեմ տիրապետում), եւ եթե խիստ անհրաժեշտ է լինում, ինտերնետի օգնությամբ թարգմանում եմ նաեւ ինչ-ինչ էջեր անգլերեն ու ֆրանսերեն Վիքիպեդիաներից, եւ վստահեցնում եմ՝ ո՛չ մի տեղ նման խայտառակ վիճակ ու կամայականություն չեք գտնի։ Ավելին, կբավարարի ձեզ հետաքրքրող էջի կողմնորոշումը, թե ոչ, մի բան հաստատ է՝ ամեն ինչ արվում է բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ի տարբերություն հայրենական Վիքիպեդիայի։

Նույնիսկ Վիքիպեդիայի ծառայություններից քիչումիչ օգտվողներն են անկախ իրենցից գլխի ընկել, որ անհատի անուն-ազգանվանը, ծննդյան (եթե մահացած է, նաեւ մահվան) տարեթվերից, ծննդավայրից ու մահվան վայրերից հետո համառոտ ներկայացվում է, թե ինչ ոլորտի գործիչ է տվյալ անձը, կոչումները, տիտղոսները (եթե ունի)։ Այդքանը միայն։

Հետո արդեն՝ մնացած մանրամասները ներկայացվում են համապատասխան խորագրերի ներքո։

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում Վանոյի էջում։ (Նորից հիշեցնեմ, որ մեջբերվող հատվածները չեմ խմբագրում եւ չեմ սրբագրում)։    

«Վանո Սիրադեղյան (ծ. է 1946 թ. Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթիգյուղ[5]), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության 1-ին տասնամյակում զբաղեցրել է ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ, Վազգեն Սարգսյանի հետ միասին եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից։ ՀՀ պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար, ում անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ[6]»։

Կարդացի՞ք։ Վիքիպեդիայի կառուցվածքային սկզբունքներին եթե ծանոթ եք, ուրեմն դուք էլ հասկացաք, որ «առանցքային պաշտոններ» արտահայտությունից հետո պետք է վերջակետ դրվեր, իսկ մնացածը պետք է շարադրվեր համապատասխան խորագրերի ներքո։ Դե ոչինչ, շտապել են վիքիականները։ Միայն շտապե՞լ են։ Իհարկե՝ ոչ։ Ասում են, չէ՞, որ երկու ահը մի մահ է. վախեցել են երեւի՝ բա որ հանկարծ ամենասկզբում կարդան ու մինչեւ կեսին հասնելը մոռանա՞ն։ Եվ որ հանկարծ չմոռանան, նույն հանցագործությունների թվարկումը, միջազգային հետախուզման մասին «ավետիսը» գրեթե նույնությամբ կրկնել են նաեւ «Կենսագրություն» խորագրի տակ, հետո՝ «Քաղաքական սպանություններ» խորագրի սկզբում եւ նույն խորագրի վերջում։ Շատ չի, ընդամենը չորս անգամ։

Քաղաքական գործունեությու՞նը։ Դե արդեն սկզբում կարդացիք, որ «Վազգեն Սարգսյանի հետ միասին եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմաքաղաքական հենարաններից» (եթե ընթերցողն այս «բազմանշանակ» նախադասության տողատակում չի տեսնում սեւ քարոզչության նախերգանքը, ուրեմն նույնիսկ իմ չափ քաղաքականություն չի հասկանում), նույն «բոթը» նաեւ Վազգենի էջում կա՝ առանց անգամ շարադասության փոփոխության։ Արդեն գլխի ընկաք, որ հաջորդ խորագիրը՝ «1996 թ.-ի նախագահական ընտրություններ»-ը, ինչպես Վազգենի էջում է, պետք է լիներ նաեւ Վանո Սիրադեղյանի էջում ՝ «բազմաթիվ սպանվածներ եւ վիրավորներ» անամոթ ու հանցագործ ստով։ Այստեղ էլ փոփոխություն չկա, նույն տեքստն է, նույն «հավաստի աղբյուրները»՝ գեհենի առաքելն ու Սվետիկը։

Արդարության դեմ չմեղանչելու համար նկատենք, որ այս անփոփոխ տեքստին հավելում կա։ Հավելումն էլ Արշալույս գյուղի խնջույքի Վանոյի խոսքից մեջբերումն է։ Վանոյի ամենաոխերիմ հակառակորդներն անգամ չեն կարող հերքել, որ նրա քաղաքական վերլուծությունները՝ գրեթե առանց բացառության, փայլում են իրենց իմաստնությամբ ու գրավոր խոսքի վարպետությամբ, եւ որ այդ տեքստերի մեծ մասը նույնիսկ ասույթների արժեք են ձեռք բերել։ Վիքիականները որոշել են բանալու անցքից նայել ու գինովցած Վանոյի բաժակաճառը «ծաղկաքաղ անել»։ Դե, ճաշակի եւ իմացության մակարդակի հարց է։ Կամ՝ «տիրոջ» կամքն է։

Այսքանով Վանոյի քաղաքական գործունեությունն ավարտվում է, պարոնայք եւ տիկնայք, եւ «հրապարակ է նետվում» նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ «Քաղաքական սպանություններ» խորագրի ներքո մանրակրկիտ մանրամասներով մեջբերված են Վանո Սիրադեղյանի դեմ Աղվանի թելադրած բոլոր ցուցմունքները։ Դե, դատավորն էլ, հասկացաք արդեն՝ Վիքիպեդիան է։ Ի՜նչ անմեղության կանխավարկած, ի՜նչ պրոֆեսիոնալիզմ, ի՜նչ վիքիպեդիական սկզբունքներ։ Չփնտրեք, չեք գտնի։

Չակնկալեք նաեւ, որ ես քաղաքական գործիչ եւ արձակագիր Վանո Սիրադեղյանի գովքն եմ անելու, հիշեցնելու եմ 88-ականների մեր պայքարը, 90-ականների Հայաստանը, երբ երկրում վխտում էին զինված քրեական տարրերը, երբ վախենում էինք ոչ միայն փողոց դուրս գալ, այլեւ կույր գնդակից զգուշանալով՝ մեր սեփական բնակարաններում լուսամուտին չէինք մոտենում, եւ մի օր էլ տեսանք, որ կարող ենք նույնիսկ գիշերը մեն-մենակ դուրս գալ փողոց ու հանգիստ զբոսնել։

Չեմ ասելու՝ Վանոն Հայաստանի լավագույն արձակագիրներից է, ոչ թե ընդամենը «զբաղվել է նաև գրական գործունեությամբ», ինչպես «մեծահոգաբար» գրում է Վիքիպեդիան։

Եվ ոչ էլ մտադիր եմ համաձայնել այս օրերին հնչող այն տեսակետին, թե վիքիական պատասխանատուները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց տնօրինած էջերում կամ ի վիճակի չեն աղբից մաքրել Վիքիպեդիան։

Ո՞նց պատահեց, որ ընդամենը մեկ անգամ սեղմեցի Որոնման կոճակը, Գեհենի Առաքել կոչեցյալի «պատմավեպերից» մեկից (խեղճ-խեղճ պատմավիպասաններ, ոնց եք դիմանում այս անպատվությանը) ընդամենը երկու-երեք էջ կարդացի, եւ ընդամենն այդ մի քանի էջից պարզեցի, որ այս թշվառականի համար հունանյան տականքը Սողոմոն Թեհլերյանին հավասար հերոս է, եւ որ... Չէ, ավելի լավ է այդ փնթի հատվածը մեջբերեմ ամբողջությամբ. «Հաքրքիր մի փաստ, որը ակտիվ շրջանառվում էր մամուլում և համացանցերում «Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին, որը գրվել է նրա սպանությունից շուրջ մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին։ Վանո Սիրադեղյանի արտահայտած բառը մոռանում ենք վերլուծել, «քո գոյությունը կասեցնում է Հայաստանի զարգացումը»։ Ուշադրություն դարձրեք, Նաիրի Հունանյանը նույն կերպ էր մեկնաբանել Քոչարյանի հետ ունեցած առանձնազրույցում. Ստացվում է Վանոն տեղյակ էր Վազգենի դեմ կատարվող սպանությունի ու նա ձայն չի հանել իր ընկերոջը փրկելու համար»։

Ոչինչ, որ Վիքիպեդիայի ամենավստահելի ու հավաստի այս աղբյուր կոչեցյալ «պատմիչը» բառը չի տարբերում նախադասությունից, ոչինչ, որ սրա կիսագրագիտությունն անսահմանության է ձգտում, ոչինչ, որ Վիքիպեդիայում այս անհայտ ծագման արարածից մեջբերումներն, այսպես կոչված, «պատմավեպից» է, իսկ տարրական գիտելիքը հուշում է, որ գեղարվեստական գործերը փաստական աղբյուր չեն կարող լինել։ Գլուխը քարը։ Եկեք միասին նորից կարդանք Վանոյի նամակը Վազգենին։ Մի քանի անգամ կարդացեք, գուցե դուք գտնե՞ք այս դժոխքի միմոսի մեջբերած «բառը»։ Չէ, չեք գտնի։ Ընդամենը կարող եք ենթադրել, որ լկտի անամոթությամբ «վերաշարադրել» է Վանոյի այս մարգարեական զգուշացումը. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով...», որպեսզի հիմք ունենա ցնկնելու իր «հաքրքիր» մեկնաբանությունները։

Ահա այս արարածի ու սրա նմանների «հավաստի փաստերով» է սնվում Վիքիպեդիան՝ անկախ Հայաստանի առաջին իշխանության գործունեությունը ներկայացնելու համար։ Ես ընդամենը հինգ րոպեում հասկացա, որ գործ ունենք սադիստ ու սրիկա կեղծարարի հետ, իսկ ահա վիքիական պատասխանատուներին արդեն քանի տարի է «չի հաջողվում» հասկանալ։

Ինչ ասեմ։ Նորից կրկնեմ. չեմ հավատում, որ Վիքիպեդիայում սանձազերծված այս խայտառակությունը կասեցվելու է, որովհետեւ վստահ եմ, որ այն, ինչ կատարվում է այստեղ, «տրամաբանական» շարունակությունն է այն ստոր ու նենգ սեւ քարոզչության, որի ներարկմամբ 1998 թվականից հետեւողականորեն բթացնում են Հայաստանի քաղաքացիներին, եւ ըստ որի՝ ՀՀ առաջին իշխանությունը եթե մի բան էլ արել է, ապա այդ միակ բանը դավաճանությունն է եղել՝ բազմահատոր հանցագործություններով, եւ քսան տարի է՝ էս հայրենասեր ռոբասերժական իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում որ երկիրը երկիր սարքի, բայց չի կարողանում, որովհետեւ, հասկանում եք էլի՝ նախկին «դավաճաններն» էնպե՜ս են հիմնահատակ քանդել...

Իսկ երբեւէ մտածե՞լ եք, որ մենք արդեն քսան տարի է սլանում ենք դեպի կործանում հենց ա՛յն պատճառով, որ հնարավոր եւ անհնար բոլոր անբարոյական ճանապարհներով սեւացրել ու արժեզրկել ենք եւ շարունակում ենք սեւացնել ու արժեզրկել մեր նորագույն պատմության սայթաքումներով ու սխալներով, բայցեւ՝ ամենահավատավոր ու ամենալուսավոր տարիները։ 

Մտածեք։