23.11.2017 18:17

Առաքել Թավրիզյան. Բանալին Ղարաբաղն է

Առաքել Թավրիզյան. Բանալին Ղարաբաղն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան եւ Հայաստան այցից հետո հայրենական մամուլը գրում է, որ եկել է ստատուս քվոն միջազգային մեխանիզմներով ամրապնդելու ժամանակը, եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնվի: Իրականությանը մո՞տ է այդ տպավորությունը, թե՞ ոչ՝ պարզ կլինի առաջիկայում: Տվյալ դեպքում կարեւոր է, թե ինչու՞ է հասարակության գիտակցության մեջ ներդրվում իրավիճակի անփոփոխելիության գաղափարը:

Ղարաբաղյան ստատուս քվոյի պահպանումը նշանակում է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ, ընդհակառակը, ավելի է վատթարանալու. իշխանությունը մնալու է նույնը, տնտեսություն չի զարգանալու, արտագաղթը շարունակվելու է, մեծանալու են հուսահատությունը, անհեռանկարայնությունը՝ բոլոր հետեւանքներով հանդերձ: Արդեն երկու տասնամյակ է, ինչ իշխող գաղափարախոսությունը պնդում է, որ շրջափակման եւ մեկուսացման պայմաններում հնարավոր է կառուցել ժողովրդավարական զարգացած պետություն, ունենալ հզոր տնտեսություն եւ հաստատել սոցիալական արդարություն, բայց կյանքը հակառակն է ապացուցում:

Ուրեմն Հայաստանի զարգացման բանալին Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Մինչեւ այդ հարցը չլուծվի, սահմանները չբացվեն, Հայաստանը չինտեգրվի տարածաշրջանային տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերին, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու: Սա արեւի լույսի պես պարզ ճշմարտություն է: Ընդ որում, Ղարաբաղի հարցի կարգավորումը նաեւ Ղարաբաղի ապագան է, ազատ ինքնադրսեւորվելու նրա հնարավորությունը: Միայն այդ դեպքում Ղարաբաղը կարող է լեգիտիմ կապեր հաստատել աշխարհի հետ: Ստատուս քվոն կաշկանդում է Ղարաբաղի պոտենցիալը: Միջազգային վերահսկողության մեխանիզմները կարող են անվտանգության ինչ-որ բաղադրիչներ ունենալ, բայց խաղաղության հաստատումն ամբողջական երաշխիք եւ միաժամանակ Ադրբեջանի հետ հարցերը հավասարի իրավունքով կարգավորելու հնարավորություն է: Եւ պետք է բաց չթողնել ոչ թե ստատուս քվոն պահպանելու հնարավորությունը, մանավանդ որ դա իրատեսական չէ, ստատուս քվոն, միեւնույն է, ինչ-որ ժամանակ փոխվելու է, այլ՝ խաղաղության հաստատման թեկուզ ամենանվազ հնարավորությունը:

Եւս մեկ-երկու տասնամյակ այս իրավիճակում Հայաստանը եւ Ղարաբաղը չեն կարող մնալ մրցունակ: Ժամանակը մաշում է ռեսուրսները: Դա Ադրբեջանի ծրագիրն է՝ չգնալ կարգավորման, ժամանակ շահել՝ մինչեւ Հայաստանը կհասնի կրիտիկական աստիճանի: Պահպանել ստատուս քվոն՝ նշանակում է գործել Ադրբեջանի օրակարգով: Հարկավոր է ճեղքում, եւ Հայաստանը պետք է լինի դրա նախաձեռնողը: