23.11.2017 20:24

Սերժ Սարգսյանն ու Բելգիայի թագավորը խոսել են ԵՄ հետ համաձայնագրի մասին

Սերժ Սարգսյանն ու Բելգիայի թագավորը խոսել են ԵՄ հետ համաձայնագրի մասին

Եվրամիության ԱլԳ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպին, տեղեկացնում է President.am-ը: Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները: 

Հանդիպման ժամանակ Սարգսյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: