28.11.2017 11:53

Հարիրին հրաժարվել է հրաժարականից

Հարիրին հրաժարվել է հրաժարականից

«Հեզբոլլահ» կուսակցությունը՝ Իրանի աջակցությամբ խառնվում է արաբական երկրների ներքին կյանքին: Այդ մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: «Իմ հրաժարականի որոշմամբ ես ցանկացա դրական շոկի ազդեցություն գործել եւ այդպիսով ցույց տալ մարդկանց, Լիբանանի բնակչությանը, որ լուրջ խնդիր գոյություն ունի»,- հայտարարել է Հարիրին:

Նա նաեւ ընդգծել է, որ Լիբանանը չի կարող կարգավորել «Հեզբոլլահ»-ի գործունեության խնդիրը, քանի որ դա տարածաշրջանային հարց է, որովհետեւ այն առկա է ամենուր՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում: Եւ այդ ամենը, նրա խոսքով, Իրանի դիրքորոշման պատճառով: Նրա խոսքերով, «Հեզբոլլահ»-ի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի տարածաշրջանային մակարդակում:

Ավելի վաղ, Հարիրին, Լիբանանի նախագահ Միշել Աունի խնդրանքով, հրաժարվել է հրաժարական տալու իր որոշումից, որի մասին նա հայտարարել էր նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում: Անցած չորեքշաբթի Հարիրին վերադարձել էր Լիբանան: Երեկ Լիբանանի նախագահը քաղաքական ուժերի ղեկավարների հետ քննարկումներ է սկսել՝ ստեղծված իրավիճակի եւ Սաադ Հարիրիի գլխավորությամբ ապագա կառավարության վերաբերյալ:

Հաղորդում է euronews-ը: