14.01.2013 16:16

«Ռեալից» անունը մնաց, «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն» դեռ չեն ձանձրացել. Տեսանյութ

«Ռեալից» անունը մնաց, «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն» դեռ չեն ձանձրացել. Տեսանյութ

Իսպանիայի առաջնության առաջին խաղաշրջանի վերջին` 19-րդ տուրը, բավական կանխատեսելի ստացվեց:

Մադրիդի «Ռեալը» կանխատեսելիորեն չկարողացավ հաղթել մրցաշարի հետնապահներից մեկին`Պամպլոնայի «Օսասունային»` 0:0: Սա արդեն չի կարելի անակնկալ համարել: «Ռեալը» արդեն ձեռքը թափ է տվել իսպանական առաջնության վրա, եւ այժմ նրա ուշքն ու միտքը միայն Չեմպիոնների լիգան է:

Մադրիդի «Աթլետիկոն» սեփական 2:0 հաշվով հեշտությամբ հաղթեց «Սարագոսային»: Ֆալկաոն խփեց իր 18-րդ գոլը:

Դե, իսկ կենտրոնական խաղում հանդիպեցին «Մալագան» եւ «Բարսելոնան»: «Մալագան», որը մի քանի տուր առաջ հիանալի ոճով հաղթեց «Ռեալին», պատրաստ էր արժանի դիմակայություն ցույց տալ «Բարսային»: Ըստ էության, Պելեգրինիի սաներին դա հաջողվեց: Այնքանով, որքանով դա հնարավոր է: Որքանով դա թույլ կտա Մեսին, որը հերթական կախարդական հանդիպումն անցկացրեց:

Նախ, Մեսին նվեր ստանալով մրցակցից` բացեց հանդիպման հաշիվը: Այնուհետեւ Մեսիի երկու նվերներից հետո աչքի ընկան Ֆաբրեգասն ու Ալկանտարան: Մի խոսքով, «Բարսան» հաղթեց 3:1 հաշվով: Դժվար է նույնիսկ ասել, երբ է այս կատալոնյան հեգեմոնիան ավարտվելու: Վիլանովայի «Բարսելոնան» շատ ավելի դաժան եւ անխոցելի ֆուտբոլ է ցուցադրում, քան` Գվարդիոլայինը: Ու հիմա սարսափով կարելի է մտածել. բա որ հանկարծ այն երրորդ մարզիչը, որի անունն էլ դեռ մի լավ չենք հիշել, գլխավորի «Բարսելոնան», ի՞նչ կլինի մեր վիճակը:

Ինչեւե, այս հաղթանակից հետո «Բարսելոնան» հավաքեց 55 միավոր եւ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ առավելությունը հասցրեց 18 միավորի: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 44 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 19-րդ տուր 

«Աթլետիկո» - «Սարագոսա»՝ 2:0

Տիագու Մենդեշ, 31, Ռադամել Ֆալկաո, 38 (11մ.)

 «Մալագա» - «Բարսելոնա»՝ 1:3

Դիեգո Բուոնանոտե, 88 – Լիոնել Մեսի, 27, Սեսկ Ֆաբրեգաս, 50, Տիագո Ալկանտարա, 82