14.01.2013 16:39

Հալեպում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել

Հալեպում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունվարի 12-ին հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վիրավորվածը միջին տարիքի հայ է, ով իր ճանապարհը կրճատելու նպատակով անցել է վտանգավոր վայրով` հայտնվելով դիպուկահարի ուշադրության կենտրոնում: Ռեյիսյանի խոսքով` երեկ նա վիրահատվել է, եւ թեպետ կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, փամփուշտը լուրջ վնասվածք է հասցրել ոտքին:

Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ անցնող երկու օրերին եղանակը բավական ցուրտ է եղել, իսկ այսօր համեմատաբար ավելի տաք է: Կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն անակնկալ միջադեպեր միշտ սպասելի են:

Հալեպի օդանավակայանը, Ռեյիսյանի տեղեկացմամբ, շարունակում է փակ մնալ եւ դեռեւս հստակ տեղեկություններ չկան վերաբացվելու վերաբերյալ:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տնյալներով, զոհվել է մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: