30.11.2017 11:46

Թրամփ. Թերեզա Մեյ, մի կենտրոնացիր ինձ վրա

Թրամփ. Թերեզա Մեյ, մի կենտրոնացիր ինձ վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կոչ է արել ավելի քիչ Թվիթեր կարդալ եւ փոխարենը կենտրոնանալ իր երկրում իսլամական ահաբեկչության դեմ պայքարի վրա: Թրամփն այդ կոչն արել է նույն սոցիալական ցանցում արված գրառմամբ:

«Թերեզա Մեյ, մի կենտրոնացիր ինձ վրա, կենտրոնացիր կործանարար ծայրահեղական իսլամական տեռորի վրա, որը մոլեգնում է Միացյալ Թագավորությունում: Մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- գրել է ԱՄՆ նախագահը:  

Ավելի վաղ Թրամփը տարածել էր բրիտանական Britain First կուսակցության առաջնորդ Ջայդա Ֆրանսենի թվիթերյան մի քանի գրառումներ. կնոջը ձերբակալել էին Բելֆաստի կենտրոնում հակաիսլամական ելույթներ ունենալու համար: Բացի այդ, Թրամփը տարածել էր նաեւ մի քանի տեսանյութեր՝ «Իսլամիստների ամբոխը տղային ցած է նետել տանիքից եւ ծեծելով սպանել», «Մահմեդականը ավերել է Մարիամ Աստվածածնի արձանը», «Մահմեդական ներգաղթյալը ծեծի է ենթարկել հենակներով դեռահասին» վերնագրերով:

Ի պատասխան այդ ամենի՝ Թերեզա Մեյի մամլո քարտուղարը հայտարարել է, թե ծայրահեղականները ցանկանում են մասնատել բրիտանական հասարակությունը, սակայն բրիտանացիները միասնական են նրանց հռետորաբանությունը դատապարտելու հարցում, հռետորաբանություն, որը «հակասում է մեր երկրի արժեքներին՝ արժանապատվությանը, հարգանքին եւ հանդուրժողականությանը»:

Փոխանցում է lenta.ru-ն: