30.11.2017 12:02

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2017-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2017-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը՝ ամերիկյան կինոարտադրության ամենահեղինակավոր միավորումներից մեկը, ընտրել է 2017 թվականի լավագույն ֆիլմը՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» (The Post)  կինոժապավենը:

Ֆիլմում գլխավոր դերակատարներ Թոմ Հենքսը և Մերիլ Սթրիփը հաղթել են համապատասխանաբար լավագույն դերասան և լավագույն դերասանուհի անվանակարգերում:

«Գաղտնի դոսիեն» դրամա է ԱՄՆ պատմության բարդ շրջանի մասին: Կինոնկարը պատմում է ամերիկյան առաջատար The New York Times և The Washington Post թերթերի երկու լրագրողների մասին, որոնց ձեռքում են հայտնվում Վիետնամի պատերազմի մասին Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը: Հերոսները պետք է ընտրություն կատարեն՝ հրապարակել նյութերը և հայտնվել ճաղերի ետևո՞ւմ՝ պետական գաղտնիք հրապարակելու համար, թե՞ ենթարկվեն ամերիկյան իշխանությունների ճնշմանը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում, հակառակ սպասումների, հաղթել է ոչ թե Սթիվեն Սփիլբերգը, այլ ամերիկյան կինոյի ծագող աստղ, 34-ամյա Գրետա Գերվիգը, որը նկարահանել է «Լեդի թռչուն» (Lady Bird) տրագիկոմեդիան՝ ԱՄՆ-ում թինեյջերների և տարեցների հետ նրանց փոխհարաբերությունների մասին:

Փոխանցում է BBC-ն: