30.11.2017 12:27

Սիրիա. Բանակցություններն ու մարտերը շարունակվում են

Սիրիա. Բանակցություններն ու մարտերը շարունակվում են

Դամասկոսի արեւելքում զինադադարի ռեժիմը պահպանվում է մասնակիորեն: Հարաստայի, Ջոբարի եւ Դումայի մոտակայքում մարտեր են ընթանում: Սիրիական ընդդիմադիր աղբյուրները պնդում են, թե կառավարական ուժերը խախտելով զինադադարը՝ հրետակոծում են իրենց դիրքերը: Դամասկոսն էլ պնդում է, թե իրականում ծայրահեղական կազմակերպությունների մարտիկներն են անցել գրոհի:

Իսկ այդ ամենի ֆոնին շարունակվում է միջսիրական բանակցությունների 8-րդ փուլը: Չորեքշաբթի օրը Ժնեւ են ժամանել Դամասկոսի ներակայացուցիչները՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարի գլխավորությամբ: Սիրիական միացյալ ընդդիմության պատվիրակությունը ղեկավարում է Նասեր Հարիրին:

Բանակցությունների առանցքային հարցը շարունակում է մնալ նույնը՝ նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը: «Մենք ցանկանում ենք, որ ռեժիմի վրա ավելի մեծ ճնշում լինի, որպեսզի նա շարունակի մասնակցել բանակցություններին՝ վեցամսյա ժամկետում քաղաքական որոշման հանգելու համար»,- հայտարարել է Հարիրին:

Նախորդ բանակցություններում ընդդիմությունը որպես գլխավոր պահանջ էր ներկայացնում Ասադի հեռացման հարցը: Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը կոչ է անում սկսել այդ բանակցություններն առանց նախապայմանների: Նրա խոսքով, եկել է  «քաղաքական գործընթացում իրական առաջընթացի ժամանակը՝ ի շահ սիրական ժողովրդի»:  

Չորեքշաբթի օրը մի քանի բեռնատարներ Սիրիական Կարմիր Մահիկի, Կարմիր Խաչի եւ ՄԱԿ-ի կողմից 54 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել դեէսկալացիայի գոտի հայտարարված Արեւելյան Գուտա: Այնտեղ կառավարական զորքերի կողմից շրջափակման մեջ է գտնվում մոտ 400 հազար մարդ: 

Հաղորդում է euronews-ը: