30.11.2017 12:59

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ն սադրում է Կիմ Չեն Ընին

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ն սադրում է Կիմ Չեն Ընին

Ռուսաստանը դեմ է ԿԺԴՀ տնտեսական շրջափակման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին եւ կարծում է, որ պատժամիջոցային ճնշումը սպառել է իրեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Առաջարկներին բացասական ենք վերաբերվում, մենք բազմիցս նշել ենք, որ պատժամիջոցային ճնշումը, ըստ էության, սպառել է իրեն: ԱՄՆ վերջին գործողությունները կարծես միտված էին Պհենյանին ինչ-որ կտրուկ գործողությունների դրդելուն»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ն պետք է ուղիղ ասի՝ արդյո՞ք այդ երկիրն իր սադրիչ գործողություններով փորձում է հասնել ԿԺԴՀ ոչնչացմանը:

«Այժմ էլ ԱՄՆ-ն հայտարարել է դեկտեմբերին անցկացվելիք ոչ պլանային զորավարժանքների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ հատուկ արվել է այն բանի համար, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը չափերից դուրս գա եւ հերթական ավանտյուրային գործողությունն անի: Ամերիկացիները պետք է մեզ բոլորիս բացատրություն տան, թե ինչի՞ են ձգտում իրենք. եթե նրանք առիթ են ման գալիս ԿԺԴՀ-ն ոչնչացնելու համար, ապա թող այդ մասին ուղիղ ասեն, եւ թող դա հաստատի ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը: Այդ ժամանակ մենք կորոշենք, թե ինչպես արձագանքենք»,- նշել է Լավրովը:  

Հաղորդում է ТАСС-ը: