30.11.2017 13:47

Սերգո Տոնոյան. «Ազգին չմեղադրեք»

Սերգո Տոնոյան. «Ազգին չմեղադրեք»

Հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ այդ երբվանից կամ ո՞նց որոշվեց, որ պետք է ապրենք «Ազգ-բանակ» պետությունում։ Իշխանության նորահայտ քարոզիչները այս հարցին պատասխանելիս չեն զլանում մեզ ամեն անգամ լացացնել «խեղճուկրակ» մեր ազգի դեմ մե՜կ ապրիլին, մե՜կ էլ հուլիսին կազմակերպած դավադրություններով։ Դրանից հետո, պարզվում է, քնել էինք-զարթնել, ու բանակում չծառայած մեկը եկել էր մեզ սովորեցնելու, թե ինչպես ծառայենք, ինչպես սովորենք, ինչպես արդյունաբերություն ստեղծենք, հատկապես՝ ռազմարդյունաբերություն։ Այսինքն, օրինակ՝ մի անշառ 2010թ. «Ազգ-բանակի» կարիքը չունեի՞նք, չունեի՞նք սովորելու, բանակին պիտանի գիտնական ունենալու, բարեխիղճ ծառայելու եւ արդյունաբերություն ստեղծելու կարիք, հատկապես՝ ռազմարդյունաբերություն։

Եւ, իսկապես, ի՞նչ էր եղել որ։ Ոչ վարչապետ էր փոխվում (համառորեն չէր փոխվում), ոչ էլ, երեւի, աշխարհն ու տարածաշրջանն էր այսքան խառնակված։ Սահման էր՝ պահում էինք, զոհեր էին՝ տալիս էինք, ո՞վ էր հաշվում։ Հարցն այն է, որ «Ազգ-բանակ» ֆորմատով պետություն ունենալու օգտին փաստարկներ բերողները մշտապես խուսափում են պատասխանել, թե 20 տարի հստակ իմանալով վերոհիշյալ վտանգների մասին՝ ինչու՞ ձեռնամուխ չէին լինում «Ազգ-բանակի» կառուցմանը գոնե նույն 2010թվականին։ Ի վերջո, չէ՞ որ ամեն նախորդ տարի մեր երկրում թե՜ բյուջեն է ավելի մեծ եղել, թե բնակչության թիվը։ Կամ, եթե «Ազգ-բանակն» է մեր բոլոր վերքերի դարմանը, փրկության միակ ճանապարհը, ինչու՞ նույն իշխանությունը մեզ այդ մասին չէր ավետել 5, 10, 15 տարի առաջ։ Չէ՞ որ իշխանությունը նույնն էր։ Վիգեն Սարգսյանը դեռ փոքր էր, եւ խելքը դեռ չէր կտրե՞լ։

Սակայն մեկ այլ՝ խիստ մտահոգիչ եւ այլանդակ երեւույթ էլ է նկատվում «Ազգ-բանակի» քարոզչության շրջանակում, ինչը, դժբախտաբար, հղի է ահռելի վտանգներով։ Խոսքն այն մասին է, թե ինչպիսի անթաքույց լկտիությանբ են «Ազգ-բանակի» հավատացյալ քարոզիչները սույն ծրագրի առաջացումը կապում ազգի՝ պետություն կառուցելու անկարողության, ինչպես նաեւ տարատեսակ քաղաքակրթական չափանիշներին չհամապատասխանելու՝ իրենց բերած պնդումների հետ։ Զարմանալ կարելի է, թե բարոյականության ինչ մակարդակ է պետք ունենալ, որպեսզի պետությունը այսպիսի ծանր կացության հասցնելու մեղքը բարդեն ժողովրդի վրա։ Շուրջ երկու տասնամյակ բռնի ուժով իշխանությունը զավթած, համատարած ընտրակեղծիքներով այդ իշխանությունը մշտապես վերարտադրած, երկրում կոռուպցիայի, հովանավորչության մթնոլորտ ստեղծած եւ, որ ամենակարեւորն է՝ այս ամենի հետեւանքով չդադարող արտագաղթի պատճառ դարձած այս հանցավոր խումբը, փաստորեն, «Ազգ-բանակի» միջոցով պատրաստվում է դաստիարակել ժողովրդին՝ ահա այս բոլոր արատները իրեն համբերատար ներելու համար։ Քարոզիչների նենգությունն այն աստիճանի է հասել, որ ոչ միայն նոր թափ են ստանում հարյուր տարվա ֆիդայական մտածողությունը ժողովրդին վերստին ներարկելու փորձերը, այլև ավելին՝ ջանք ու եռանդ չի խնայվում ազգի՝ անկախ պետականություն ունենալու անարժանությունն ապացուցելու նպատակով։

Նախորդ դարասկզբին հայ ժողովրդին վրա հասած մեծագույն դժբախտությունը, առաջին հանրապետության կարճատեւ եւ ոչ պակաս դրամատիկ կյանքը, դրան հաջորդած խորհրադայնացումն՝ իր բոլոր ահասարսուռ փորձություններով, երկրորդ համաշխարհայինին տված բոլոր զոհողությունները, ինչպես նաեւ, իսկ միգուցե հիմնականում՝ շուրջ կես հազարամյակ պետականությունից զուրկ լինելը, հանգամանքների մի շարք է, որից դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հրաշքներ կարելի էր ակնկալել մեր ազգից։ Եւ այդուհանդերձ, 30 տարի առաջ սկիզբ առած իրադարձությունների ընթացքում ահա այդքան դժվարություն տեսած մեր ազգը ի զորու եղավ սխրագործություններ գործելու։ Միայն այսքանը բավարար պետք է լիներ, որպեսզի իշխանության ղեկին եղած ցանկացած ուժ խաղաղություն բերեր այս երկրին ու նրա բնակիչներին եւ ամեն գնով զարգացներ ու կառուցեր իր պատկերացրած հզոր պետությունը։ Գործող իշխանությունն, ահա, ժամանակին այդ խաղաղությունը մերժած, բայց Արցախի անկախության միջազգային ճանաչումը խոստացած (նաեւ՝ Ցեղասպանության), ինչպես նաեւ տարիներ շարունակ բազմաթիվ այլ խոստումներ տված քաղաքական ուժն է, որի գործունեության արդյունքը բոլորի աչքի առաջ է։

Պետության ձախողումների պատասխանատվության առյուծի բաժինն ընկնում է իշխանությունների վրա, եւ եթե երկու տասնամյակում գոնե մեկ անգամ այս իշխանությունը համարձակություն չի ունեցել անհաջողությունների համար ստանձնել այդ բեռը եւ հրաժարական տալ, ապա թո՜ղ հեռու մնա ժողովրդին մեղադրելու կեղտոտ հնարքներ կիրառելու մտքից։