30.11.2017 15:29

Անկարան անհանգիստ է. ԱՄՆ-ում ձերբակալված թուրք գործարարը խոսել է

Անկարան անհանգիստ է. ԱՄՆ-ում ձերբակալված թուրք գործարարը խոսել է

Անկարան անհանգստացած է իրանական ծագմամբ թուրք գործարարի դեմ ԱՄՆ-ում ընթացող դատավարությամբ: Բանն այն է, որ Ռեզա Զարրաբն իրեն մեղավոր է ճանաչել եւ որոշել է համագործակցել ամերիկյան արդարադատության հետ: Նա հայտարարել է այդ մասին Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, թե այժմ գործարարին կարող են մեղադրյալից վերածել վկայի: Նրա խոստովանական ցուցմունքները կարող են խնդիրներ առաջացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որի ընտանիքի հետ գործարարը սերտ կապեր է ունեցել:

Զարրաբը ձերբակալվել է ԱՄՆ-ում 2016 թվականին: Նրա ցուցմունքերը կապված են թուրքական ներկա եւ նախկին քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ տնեսության նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի հետ: Զարրաբը խոստովանել է, որ վերջինիս 50 մլն դոլար կաշառք է տվել: Գործով մեկ այլ ձերբակալված էլ կա, եւս յոթը որոնվում են իրավապահների կողմից: Ձերբակալված մյուս անձը՝ Հաքան Աթիլլան՝ Halkbank-ի նախկին փոխղեկավարը, եղել է այն միջնորդը, որի միջոցով գումարներ են փոխանցվել դրածո ընկերություններին, եւ ապա այդ գումարներով գնված ոսկին տեղափոխել Իրան:

Մյուս ենթադրյալ առանցքային գործող անձն այս գործով Թուրքիայի եվրոպական հարցերով նախկին նախարար Էգիմեն Բաղեշն է:

Հիշեցնենք, որ 34-ամյա միլիարդատերը մեղադրվում է այն բանում, որ ինքն ու հանցակիցները անօրինական ճանապարհներով գումարներ են փոխանցել իրանական իշխանություններին՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները: Այդ նպատակով օգտագործվել են ամերիկյան բանկերը, որոնց աշխատակիցները չեն իմացել, որ այդ գումարները փոխանցվում են Թեհրանին: Անկարայում Զարրաբի դեմ ընթացող դատավարությունն անվանել են «դավադրություն Թուրքիայի դեմ»:   

Փոխանցում է euronews-ը: