30.11.2017 15:42

Սախարովի անվան մրցանակ՝ «Հանուն լրագրության՝ որպես արարքի»

Սախարովի անվան մրցանակ՝ «Հանուն լրագրության՝ որպես արարքի»

Անդրեյ Սախարովի անվան մրցանակի ժյուրին Սախարովի «Արիության համար» շքնաշանով հետմահու պարգևատրել է լրագրողների և հասարակական գործիչների:

Մրցանակային ցանկում ընդգրկված է 30 հոգի:

«Ի հիշատակ մեր ընկերների ու գործընկերների.

Նա, ով իր համար որպես մասնագիտություն ընտրել է լրագրությունը, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ՝ պատմել ճշմարտությո՞ւնը, թե՞ այն, ինչ իրեն թելադրում են: Պատմել ո՞ղջ ճշմարտությունը, թե՞ ինչ-որ բան թաքցնել՝ չզայրացնելու համար ճակատագրեր տնօրինողներին և վտանգի տակ չդնելով սեփական կյանքը: «Պահպանեք ձեզ», խորհուրդ են տալիս լրագրողներին, բայց եթե լրագրողն իրեն պահպանի, նա կդավաճանի իր մասնագիտությանը: Խոսքի ազատությունը, թերևս, միակ բանն է, որ մարդկային կյանք արժե, դրանից թանկ ոչինչ չկա աշխարհում: Այդպես եղել է ի սկզբանե, այդպես է ասվում Աստվածաշնչում՝ «Ի սկզբանէ էր Բանն», և այդ խոսքն ազատ էր, այն, Աստծո մտահղացմամբ՝ այլ կերպ լինել չէր կարող: Բայց այդ մտահղացումը միշտ էլ աղճատվում է, երբ Աստծուց վեր պետությունն է հառնում՝ բոլոր ժամանակներում, տարբեր երկրներում՝ տարբեր կերպ:

Մամուլի ազատության վարկանիշով Ռուսաստանը վաղուց հիմնավորվել է «կարմիր գոտում»: «Լրագրողներ առանց սահմանների»-ն այստեղ իրադրությունը գնահատում է ծանր. 180 երկրների ցանկում Ռուսաստանն զբաղեցնում է 148-րդ տեղը՝ զիջելով Աֆղանստանին, Քաթարին, Մյանմային, Վենեսուելային, Պակիստանին:

Լրագրողների սպանությունները Ռուսաստանում ճնշող մեծամասնությամբ չեն բացահայտվում, չեն պարզվում ու չեն պատժվում դրանց պատվիրատուները, նրանք շարունակում են քայլել այս երկրի վրա ու շարունակում են մնալ այս աշխարհի հզորները: Այդ սպանություններից յուրաքանչյուրը նախազգուշական կրակոց է կենդանի լրագրողներին: Դրանց չբացահայտված լինելը, լավագույն դեպքում՝ իշխանությունների ապաշնորհության, վատագույն դեպքում (որ ավելի հավանական է)՝ նրա հանցակցության ապացույցն է: Դա հասարակության պաթոլոգիան է, հասարակություն, որն ընտելացել է ապրել «անմահ մաֆիայի» սահմանած  ստորության օրենքով»:

Պարգևատրվածների ցանկում են, մասնավորապես, Աննա Պոլիտկովսկայան, Վլադիսլավ Լիստևը, Բորիս Նեմցովը, Արտյոմ Բորովիկը, Գեորգի Գոնգաձեն,Պավել Շերեմետը և այլք: