14.01.2013 17:34

Ռոստովցի նախկին պաշտոնյային տուգանել են՝ տանկ վաճառելու փորձի համար

Ռոստովցի նախկին պաշտոնյային տուգանել են՝ տանկ վաճառելու փորձի համար

Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքի դատարանը 550 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Իվան Բոյչենկոյին, որն ապօրինաբար փորձել է 4,5 միլիոն ռուբլով տանկ վաճառել մի գործարարի, հաղորդում է РИА Новости-ն: Հետաքննության տվյալներով՝ 2011 թ. սեպտեմբերի 15-ին քաղաքի վարչակազմի՝ կոմունալ տնտեսության և շինարարության գծով նախկին պաշտոնյային է դիմել ոմն գործարար, որը ցանկություն է հայտնել գնել Երկրորդ աշխարհամարտի տարիներին սահմանափակ թվով արտադրված և պատմական մեծ արժեք ներկայացնող T-44 տանկը: Բոյչենկոն հետաքրքրվել է ու պարզել, որ տանկը, փաստորեն «անտեր» է, և որոշել է 7 միլիոն ռուբլով վաճառել այն:

Քանի որ դատավարությունը, մեղադրյալի միջնորդությամբ, կայացել է արագացված ընթացակարգով, ուստի  խարդախության և ծառայողական լիազորությունների չարաշահման հոդվածներով նախատեսված՝ 6-ից 7 տարվա ազատազրկման փոխարեն՝ Բոյչենկոն դատապարտվել է 550 հազար ռուբլի տուգանքի: