01.12.2017 12:45

Նիդեռլանդներում հետաքննում են Սլոբոդան Պրալյակի ինքնասպանությունը

Նիդեռլանդներում հետաքննում են Սլոբոդան Պրալյակի ինքնասպանությունը

Նիդեռլանդների ոստիկանությունն սկսել է Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների գծով Միջազգային տրիբունալի նիստերի դահլիճում Սլոբոդան Պրալյակի ինքնասպանության հանգամանքների քննությունը:

72-ամյա Սլոբոդան Պրալյակը նախկինում ռազմական հանցագործ էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Դատական նիստում քննարկվում էր այդ դատավճռի հավանական փոփոխման հարցը, սակայն դատավճիռը հաստատվեց:

Առայժմ պարզ չէ, թե դատապարտյալին ինչպես է հաջողվել դատարանի դահլիճ տանել թույնը, որը նա հրապարակավ ընդունել է՝ հայտարարելով, որ ինքը ռազմական հանցագործ չէ:

Բոսնիայում խորվաթները հոգեհանգստի արարողություն են անցկացրել նախկին գեներալի հիշատակին, որին նրանք հերոս են համարում: Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը խիստ քննադատել է Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների գծով Միջազգային տրիբունալը, որը հետաքննում էր Պրալյակի ու ևս հինգ դատապարտյալների գործը:

Դատարանի որոշումները, որոնք հաստատում էին բոլոր նախկին դատավճիռները, տրիբունալի ավելի քան 20-ամյա աշխատանքի ամփոփումն էին:

Սլոբոդան Պրալյակի ինքնասպանությունն առաջինը չէր Հաագայի դատարանի պատմության ընթացքում: Բոսնիացի սերբ Սլավկո Դոմկանովիչը, որը մեղադրվել էր ռազմական հանցագործություններ կատարելու համար, կախվել էր իր բանտախցում 1998 թ.: Մեկ այլ սերբ՝ Միլան Բաբիչը, ինքնասպանություն է գործել 2006 թ., դարձյալ իր բանտախցում:

Փոխանցում է BBC-ն: