01.12.2017 13:44

Էրդողան. «Թուրքիան չի խախտել ԱՄՆ պատժամիջոցները»

Էրդողան. «Թուրքիան չի խախտել ԱՄՆ պատժամիջոցները»
Թուրք-իրանցի գործարար Ռեզա Զառաբը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ թույլատրել է Իրանին միջոցներ փոխանցել՝ շրջանցելով Միացյալ Նահանգների պատժամիջոցները: Զառաբն այսպիսի ցուցմունք է տվել Նյու Յորքում տեղի ունեցող դատավարության ընթացքում, ինչից հետո նա մեղադրյալից վերաորակվել է որպես վկա:
Էրդողանն արդեն հայտարարել է, թե Թուրքիան չի խախտել Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները, և իր երկիրը գործել է օրենքի շրջանակներում:

Մինչդեռ Զառաբի ցուցմունքներն առնչվում են մի ամբողջ շարք թուրք ազդեցիկ քաղաքական գործիչների, որոնց թվում են ֆինանսների նախարար Ալի Բաբականը և էկոնոմիկայի նախկին նախարար Զեֆեր Չագլայանը, ընդ որում՝ վերջինս, Զառաբի ցուցմունքի համաձայն՝ իրենից 50 մլն դոլար կաշառք է ստացել:
Բացի այդ՝ նա տվել է նաև եվրոպական գործերի նախկին նախարար Եգեմեն Բաղիշի և երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Մուամեր Գյուլերի անունները:
Ռեզա Զառաբը ԱՄՆ-ում կալանքի տակ է անցյալ տարվա մարտից: Դրանից երեք տարի առաջ նա արդեն ձերբակալվել էր Թուրքիայում կոռուպցիայի և փողերի լվացման գործի շրջանակներում: Նրա հետ միասին այն ժամանակ ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում մի քանի նախարարների զավակներ կային: Մի քանի ամիս անց նրանք բոլորն ազատ էին արձակվել, և նրանց նկատմամբ մեղադրանք չէր հարուցվել:
Թուրքիայի կառավարությունն այն ժամանակ այդ գործն անվանել էր քաղաքական դրդապատճառներ ունեցող, որի նպատակն էր իշխանությունից հեռացնել Էրդողանին:
Փոխանցում է euronews-ը: