01.12.2017 14:32

ԱլԳ ՔՀՖ-ն ԵՄ անդամ պետություններին կոչ է անում բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն

ԱլԳ ՔՀՖ-ն ԵՄ անդամ պետություններին կոչ է անում բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

Հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման վերաբերյալ

 

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։

Ազգային պլատֆորմը վստահ է, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար:   

Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Համաձայնագրի ստորագրումը ոչ թե վերջնանպատակ է, այլ երկարաժամկետ եւ ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ եւ դրա իրականացման համար պատասխանատվություն` ինչպես համաձայնագրի կողմերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այս առումով Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետեւողական եւ պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ,  բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում եւ քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության ապահովում:

Մասնավորապես, հատուկ կարեւորություն ենք տալիս իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության մեխանիզմների ձեւավորմանը, այդ թվում` հատկապես համաձայնագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ եւ մշտական մոնիթորինգի իրականացման մեխանիզմների հաստատմանը:

Հուսով ենք նաեւ, որ իշխանությունները, անդավաճան մնալով իրենց քաղաքական հայտարարություններին, կապահովեն քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, հավատարիմ մնալով վերջին տարիներին հրապարակած իր հայտարարություններում ներկայացված առաջարկություններին եւ պահանջներին, դրանց հասցեատեր համապատասխան պետական կառույցներից պահանջում է վճռական քայլեր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական ինստիտւտների ոլորտներում խնդրիների լուծման ուղղությամբ: Դրանով կարտահայտվի երկրի բազմակողմանի զարգացմանը միտված քաղաքական կամքի առկայությունը:   

Մենք կոչ ենք անում նաեւ Եվրամիության կառույցներին, ԵՄ անդամ պետություններին՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն եւ հետեւողականություն: Հուսով ենք, որ այդ գործում կապահովվի Համաձայնագրի կատարման վերաբերյալ հաշվետվողականության խստապահանջությունը, անաչառությունը, դրա կենսագործման ամբողջ գործընթացի թափանցիկությանը եւ դրանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներգրավումը` իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունների մշակման, ծրագրերի իրականացման եւ գնահատման, ինչպես նաեւ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի ոլորտներում:   

Մենք վստահեցնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունները, գիտակցելով նաեւ իրենց պատասխանատվությունը,  ակտիվ մասնակցությունը կունենան եւ հետամուտ կլինեն Համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացմանը։

Հայտարարությունն ընդունվել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովում, 2017թ. նոյեմբերի 28-ին