02.12.2017 14:29

Արսեն Գրիգորյան. Կեղծ օրակարգ

Արսեն Գրիգորյան. Կեղծ օրակարգ

Հայաստանի քաղաքացին կեղծ օրակարգի մագնիս է: Իսկ ինչպե՞ս է աշխատում կեղծ օրակարգը: Դրա համար չափազանց կարեւոր է լրատվական դաշտի վրա մեկ ձեռքի իշխանությունը:

Նախ կեղծ օրակարգի էությունն այն է, որ ինքը շատ արագ ասպարեզից դուրս է մղում իրական օրակարգը: Ի վերջո այն աստիճանի է դուրս մղում, որ իրական օրակարգը կեղծի արժեքն էլ չի կարողանում ունենալ: Դիցուք, իրական օրակարգ կարող է համարվել ընդդիմության բացակայությունը: Կամ՝ ընտրությունների կեղծումը: Երբ ընտրությունները կեղծում վերջացնում ես, դու արդեն քո ձեռքի տակ ունես մի շարք մանր-մունր անբարոյականություններ, որոնք հաստատ կհետաքրքրեն սովորական քաղաքացուն: Ասենք, որեւէ պատվաստանյութի վնասակար հետեւանքները, որեւէ պաշտոնյայի հիմար միտքը, ռուսական որեւէ հեռուստաալիքի հարձակումը մեզ վրա, ընտրակեղծարարի պայմանական դատապարտումը կամ, ասենք, ադրբեջանցի հաքերների հարձակումները: Կյանքը հենց իրադարձություններն են, դրանցից յուրաքանչյուրն արժանի է լուսաբանման, սակայն ընտրություն չունեցող երկիրը դատապարտված է լուն ուղտ սարքել, որպեսզի իր բնական չափերով հայտնի փղից չխոսի: Թանկացող ձուն կեղծ օրակարգ չէ, եթե ինքը սոցիալական բունտի առիթ է: Եթե թանկացող ձուն դառնում է սոցիալական բունտի առիթ, որպես կեղծ օրակարգ կարող է ծառայել որեւէ օլիգարխի առյուծի վանդակ նետված էշը: Ուրեմն, կեղծ օրակարգի համար չափազանց կարեւոր են լրատվամիջոցները, որոնք չունեն ազատություն:
Կեղծ օրակարգի թեմա կարող են լինել իրենց չափսերով իսկապես հսկա անբարոյականությունները: Ամեն ինչ կարող է դառնալ կեղծ օրակարգի թեմա, որպեսզի չխոսվի հիմնականից: Եթե հիմնականը, ասենք, իշխանության բարձրագույն պաշտոնյաների իրական հարստությունն է, որը գերազանցում է մեր բյուջեի ՀՆԱ-ն, ուրեմն կեղծ օրակարգ կարող է լինել ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի՝ ԱԺ-ում ցուցաբերած բռիությունը: Ինքնին բռիությունն ինքնաբուխ է, ՍԱՍ-ի Արտակին դա ոչ ոք չի սովորեցրել: Նույնիսկ նորմալ է մեկ-երկու օր դրան անդրադառնալը: Բայց ամբողջ երկրով դա թեմա սարքել տեւական ժամանակ` հիմնական օրակարգը պարզապես մոռացության տալով, արդեն այլ հարց է:
Կեղծ օրակարգը միշտ կիսով չափ հանրային թեմա է: Բոլոր մամուլի ավանդույթ ունեցող երկրներում կեղծ օրակարգի բեռն իր վրա է վերցնում դեղին մամուլը: Այսինքն, ինքը չի խոսում հիմնականից: Հիմնականի համար կան քաղաքական ամբիոններ, եթե նույնիսկ դա քաղաքական դեմքի բռիությունն է: Նորմալ երկրում դա կարող է դառնալ քաղաքական թեմա հենց այն պատճառով, որ քաղաքացիները շփոթված չեն ընտրության բացակայությամբ: Նորմալ երկրում կեղծ օրակարգ կարող է դառնալ, ասենք, Ռուսաստանից եկող ագրեսիան, եթե իշխող կուսակցությունը վարկանիշ է կորցնում եւ ուզում է դա հետ բերել Ռուսաստան-բոբոյով: Հայաստանի պարագայում դեղին մամուլ չկա: Այդ դերն իր վրա է վերցրել հիմնական մամուլը: Այսինքն, հիմնական թեմայի՝ քաղաքական մարտահրավերների, իսկապես կոռումպացված պետական համակարգի մերկացման ամբիոն չկա: Կան մեկ կենտրոնից ղեկավարվող լրատվամիջոցներ, որոնք մտակերտվածքով դեղին են ու հենց դեղինային վարկանիշով ուզում են սղացնել հիմնական թեմաներ:
Այսպիսով, կեղծ օրակարգը բնորոշ է ավտորիտար երկրներին: Այդպիսի օրակարգ կարող են ունենալ Ռուսաստանը եւ Հայաստանը, բայց ոչ, ասենք, Հյուսիսային Կորեան: Այնտեղ թաքցնելու ոչինչ չկա, կա միայն պարտադրվող լրատվություն: Այնտեղ ժողովրդավարություն խաղալու կարիք չկա: Ես ասում եմ՝ մեր երկիրը դրախտ է, սակայն այդ անբարոյական Ամերիկան չի հաշտվում այդ մտքի հետ. հյուսիսկորեացին, որն այսպես չի մտածում, փամփուշտը լացում է նրա համար, պետք է վերացնել: Կեղծ օրակարգը, մի խոսքով, կեղծ ժողովրդավարություն ունեցող երկրների թեման է: Եվ դեռ քանի տարի ենք մենք ստիպված լինելու վայելել «առաջին անհրաժեշտության» կեղծ օրակարգը, դժվար է ասել: