03.12.2017 22:36

Կինոխորհուրդ. Միհոգանոց բանակ

Կինոխորհուրդ. Միհոգանոց բանակ

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:


Լարի Չարլզ. Միհոգանոց բանակ (ռուսերեն «թարգմանված» է «Ոչ ադեկվատ առաքելություն») 

Եթե եվրոպական vs ամերիկյան կոմեդիաների «մենամարտում» նախընտրում եք ամերիկյանները, եթե սիրում եք Նիկըլաս Քեյջին կամ կուզենայիք նրան տեսնել իր համար ոչ սովորական` «թեթեւ» ու հումորային կերպարում, եթե ուզում եք տեսնել, թե ամերիկացիներն ինչպես են իրենք իրենց հեգնում, ապա այս ֆիլմը հենց ձեզ համար է:

Իսկ ընդհանրապես, օրինակ` ի՞նչ կանեիք դուք, եթե լինեիք երիկամների  հիվանդությամբ տառապող սովորական ամերիկացի, որն ունի կախարդական փայտիկ եւ տանել չի կարողանում Ուսամա Բեն Լադեն ահաբեկչին, ամերիկացի, որի հետ խոսում է Աստված, եւ դեռ մի բան էլ հրամայում է գնալ ու գտնել սարերում թաքնված այդ ահաբեկչին:

Մի ծիծաղեք, ԱՄՆ-ում կար նման մեկն իրականում` Հարի Ֆոլքներ անուն-ազգանունով (ի դեպ, հիմա էլ կա, ողջ եւ առողջ է), որ տարիներ առաջ թուրն առավ ու հայդե «պակիստաններ»` ահաբեկչին գտնելու ու գերի վերցնելու նպատակով: Այնպես որ, սա իսկապես իրական պատմություն է: 

Իսկ թե ինչ եղավ այն բանից հետո, երբ սովորական ամերիկացին միայնակ գնաց աշխարհի թիվ 1 ահաբեկչին բռնելու, ինչպես ասում են` «շատ հուզիչ է»:

Նայեք այս թեթեւ կատակերգությունը, հաստատ չեք զղջա:

Հա, ի դեպ, այս ֆիլմից ստացած հասույթով իրական Ֆոլքները մտադրվել էր իր համար նոր երիկամ գնել: