04.12.2017 12:09

Վահան Թումանյան. Պատմության սինդրոմը

Վահան Թումանյան. Պատմության սինդրոմը

Սոցիալական ցանցերում քննարկում են՝ 1920թվի աշնանը քեմալականները Հայաստանին խաղաղության առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ: Մեջբերում են առաջին հանրապետության «հայրերին», եւ ստացվում է խառը պատկեր. մեկի մոտ ակնարկ կա, որ կարելի էր պատվավոր խաղաղության հասնել, մյուսը հերքում է, երրորդն առհասարակ այլ տեսակետ է զարգացնում: Այդ խառնաշփոթությունից մի բան է հասկացվում. 1920թվի աշնանը Հայաստանում չի եղել պատասխանատու իշխանություն, գործել է նեղ-կուսակցական գաղափաներ դավանող Բյուրո-կառավարություն, որը մինչեւ վերջին պահ սպասել է ինչ-որ հրաշքի:

Պատմությունը, հարկավ, ըղձական խոնարհում չի հանդուրժում: Ուշագրավ է պատմության սրված ընկալումը: Դա նշանակում է, որ գրեթե մեկդարյա իրադարձությունները մեզնից շատերի համար միայն կատարված-եղած փաստեր չեն, այլ նաեւ՝ անալոգիաների առիթ: Պատմության սինդրոմը գործում է: Եւ ոմանք, գուցե՝ ենթագիտակցորեն, բայց կարծես զուգահեռներ են տեսնում անցյալի եւ ներկայի միջեւ: Աշխատում է, ըստ երեւույթին, բնական զգուշավորությունը՝ իսկ ճի՞շտ ենք վարվում, որ երկարաձգում ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու պահը: Ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում, բայց քննարկումների ենթատեքստում զգացվում է, որ պատմության սինդրոմը ճնշում է, պարտադրում օրվա քարոզչությունից դուրս տեսնել հեռանկարը:

Իհարկե, 1920թվի աշնան իրավիճակից մենք այսօր չափազանց հեռու ենք: Հայաստանը բոլորովին այլ երկիր է: Բայց իշխանության բնույթի առումով նմանություններ կան: Այսօր Հայաստանի համար բախտորոշ որոշումները դարձյալ «բյուրո» իշխանությունն է ընդունում, մեկ կուսակցության ձեռքում են կենտրոնացել պառլամենտը, կառավարությունը, բանակը եւ ուժային մյուս կառույցները: Չկա քաղաքական բանավեճ, հասարակությունը բացարձակապես օտարված է երկրի կառավարման լծակներից:

Դա խիստ վտանգավոր է, որովհետեւ երկիրը տանում է դեպի այլընտրանքի բացառում: Խաղաղության համար Հայաստանում ոչինչ չի ձեռնարկվում, հասարակությանը ներշնչվում է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը տեւելու է տասնամյակներ: Իշխանությունը երկիրը նախապատրաստում է մի ինչ-որ ճակատագրական բախման, որից հետո միայն հնարավոր է գտնել Ղարաբաղի հարցի լուծումը: Այդպես էր նաեւ 1920 թվի աշնանը, երբ Հայաստանը մնաց քեմալական Թուրքիայի դեմ մեն-միայնակ: Հետեւանքները հայտնի են: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ապագա բախումը կավարտվի մեր բացառիկ հաղթանակով:

Մանավանդ որ այդ հաղթանակը չի կարող կանխորոշել Ղարաբաղի ապագան, ինչպես դա ցանկանում են շատերը: Խաղաղությունը չունի այլընտրանք ինչպես այսօր, այնպես էլ վաղը: Միայն խաղաղության նպատակ դրած քաղաքական ուժն է արժանի ժողովրդի վստահությանը: Միայն պատմության սինդրոմի հաղթահարումն է Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման բանալին: Հակառակը տանում է փակուղի, որը մաշում է Հայաստանի բոլոր ռեսուրսները: