04.12.2017 13:57

Ինչն է ստվերել ԱԺ ընտրությունները՝ ըստ ԺՀՄԻԳ-ի

Ինչն է ստվերել ԱԺ ընտրությունները՝ ըստ ԺՀՄԻԳ-ի

Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքը:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը։

Ամփոփելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` դիտորդական առաքելություն իրականացրած կառույցը այսօր հրապարակված իր զեկույցում, մասնավորապես, ընդգծում է. «Չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին եւ ընտրախախտումները նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընտրակաշառքի, քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկատվությունը ստվերել է ընտրությունների ընթացքը»։

Դիտորդական առաքելության վերջնական զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախօրեին ներկայացրել է նաեւ քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։