14.01.2013 19:02

Հունաստանի վարչապետի գրասենյակը հարձակման է ենթարկվել

Հունաստանի վարչապետի գրասենյակը հարձակման է ենթարկվել

Աթենքում անհայտ անձինք կրակահերթ են բացել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի ուղղությամբ: Հարձակումից տուժել է նաև նույն կուսակցությանը անդամակցող՝ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գրասենյակը, հայտնում է Etnos լրատվական ծառայությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է ուշ գիշերը՝ Կալաշնիկովի ինքնաձիգով զինված երկու անձանց կողմից: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է 9 պարկուճ: Ներկայումս թաղամասը շրջափակված է ոստիկանական ուժերով: Միջադեպի քննության մեջ ներգրավված են հակաահաբեկչական ստորաբաժանումներ և սակրավորներ:

«Վարչապետի գրասենյակում Կալաշնիկովի ավտոմատի փամփուշտ է հայտնաբերվել»,- հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն, ում խոսքերով՝ հարձակվողների հիմնական թիրախը Սամարասի գրասենյակն է եղել: