05.12.2017 21:33

Հայաստանում մահերի 2/3-ի պատճառը սիրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղն են

Հայաստանում մահերի 2/3-ի պատճառը սիրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղն են

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2016թ. տարեսկզբի համեմատ նվազել է 12.4 հազար մարդով:

ԱՎԾ հրապարակած՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017-ին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 986.1 հազ. մարդ, որից քաղաքաբնակները կազմել են 63.7 %, գյուղաբնակները՝ 36.3 %:

Ըստ նույն ուսումնասիրության՝ 2016թ. մահացության կառուցվածքում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը, որոնք կազմում են մահացության ընդհանուր դեպքերի ավելի քան երկու երրորդը: Երրորդ տեղում էնդոկրին համակարգի հիվանդություններն են, չորրորդում՝ դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ և այլն:

2016 թվականին բնակչության 70.6 %-ը համարվել է ոչ աղքատ, 29.4%-ը՝ աղքատ, որից 19.6 %-ի ամսական եկամուտը կազմել է 40 867 դրամ, 8.0 %-ը՝շատ աղքատ, եկամուտը՝ 33 418 դրամ, 1.8%-ը՝ ծայրահեղ աղքատ, ամսական եկամուտը՝ 23 313 դրամ:

Ըստ սպառման ագրեգատի՝ աղքատության մակարդակով ամենաբարձրը եղել է Շիրակի մարզը՝ 45.5%, հետո Լոռին՝ 35.8%, Տավուշը՝ 33.8%, Կոտայքը՝ 35.4%, Արմավիրը՝ 30.0%, Գեղարքունիքը՝ 28.8%, Արարատը՝ 26.9%,  Երևանը՝ 24.9%, Սյունիքը՝ 24.2%, Վայոց Ձորը՝ 18.8%, ամենացածրը՝ Արագածոտնը՝ 15.7%: