06.12.2017 08:45

«Ռոման» ու «Չելսին» անցան հաջորդ փուլ, «Ատլետիկոն» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)

«Ռոման» ու «Չելսին» անցան հաջորդ փուլ, «Ատլետիկոն» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի C խմբի վերջին տուրում «Ատլետիկոյին» հարկավոր էր հաղթել «Չելսիին» և հուսալ, որ «Ռոման» կսայթաքի ադրբեջանական «Ղարաբաղի» հետ մրցավեճում, սակայն երկու դեպքում էլ մադրիդցիների ցանկալի արդյունքը չի գրանցվել:

Լոնդոնում անցած անզիջում պայքարում հաշիվը բացել են մադրիդցիները: Անկյունայինի խաղարկման ժամանակ աչքի է ընկել Սաուլը (56-րդ րոպե): Բաց թողած գոլից հետո «թոշակառուները» գրոհների տարափ են սկսել, որն ավարտվել է դարպասի գրավումով: 75-րդ րոպեին Էդեն Ազարի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Ստեֆան Սավիչը: Անտոնիո Կոնտեի թիմը շարունակել է հաղթանակի համար խաղալ, որ պահպանի առաջին տեղը, սակայն նոր գոլ խփել նրանց չի հաջողվել: 

Զուգահեռաբար ընթացող խաղում որոշիչ է դարձել 53-րդ րոպեին Դիեգո Պերոտիի խփած միակ գնդակը: «Ռոման» հաղթել է 1:0 հաշվով:

 «Գայլերը» 11 միավորով դարձան խմբի հաղթողներ: «Չելսին» նույնքան միավոր է վաստակել, սակայն հռոմեացիներին զիջել է անձնական խաղերի արդյունքներով: «Ատլետիկոն» 7 միավորով գրավեց երրորդ տեղը և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում: Ադրբեջանական «Ղարաբաղը» վաստակեց 2 միավոր և դուրս մնաց եվրագավաթներից: