06.12.2017 12:37

Արսեն Գրիգորյան. Մարգարեն չէր կատակում

Արսեն Գրիգորյան. Մարգարեն չէր կատակում

Չնայած այն բանին, որ Հայաստանում ներքաղաքական հնչեղ ոչինչ տեղի չի ունենում, ամենայն ինչ քաղաքական է: Դիցուք՝ թանկացումները: Տնտեսական ոչ մի հիմնավորում բանական չէ, որովհետեւ դրանք թաքցնում են թանկացման քաղաքական աստառը: Քաղաքական է ժողովրդի անտարբերությունն այդ թանկացումների նկատմամբ: Որովհետեւ ժողովուրդը հենման կետ չունի, ինքն ընդունում է իր քաղաքական պարտությունը: Ինքը իշխանություն չէ: Ինքը ընդդիմություն չէ: Ինքը պետության օրգանիզմ չէ: Ինքը համայնք է: Իսկ համայնքի քաղաքական «դերը» ծպտուն չհանելն է, քանի դեռ ավելի վատ չէ:

Քաղաքական կյանքի բացակայությունը ամենաքաղաքական իրադարձությունն է: Ինչու՞ Սերժ Սարգսյանը կարիք չի զգում հաշվետու լինել հայաստանցի լրագրողներին: Որովհետեւ,-ուշադրություն,-նա լրագրողներին կտրել է ժողովրդից եւ կապել իրեն: Այսինքն, ժուռնալիստիկան իրեն է հաշվետու: Ահա ինչու մասնավոր լրատվամիջոցներն այդքան շատ են: Լրագրող դառնալ ցանկացող յուրաքանչյուր ոք անգործ չի մնա, պարզապես պետք է իմանա, որ ինքը եւ ժողովուրդը կապ չունեն: Սա քաղաքակա՞ն հարց է: Իհարկե: Որովհետեւ եթե լրագրողները ժողովրդի հետ կապ ունենային, Սերժ Սարգսյանն իր տեղում չէր լինի: Այսինքն, կունենայինք քաղաքական բոլորովին այլ իրավիճակ:

Պակաս քաղաքական չէ, ասենք, պատվաստումների կամ անտուն շների թեման: Որովհետեւ հիմնական թեման իր խնդիրներից ուշքի չեկող ժողովուրդն է: Ուշքի չեկող ժողովրդի խորհրդարանում միայն կարող ենք տեսնել Խոսրով Հարությունյանի, Մանվել Գրիգորյանի եւ Արտաշես Գեղամյանի նման դեմքերի: Ո՞վ է հաշիվ տվողը, թե այս մարդիկ ինչ են անում խորհրդարանում: Ի վերջո, ժողովրդի միջից ո՞վ պակաս ջերմեռանդությամբ կարող էր քծնել Սերժ Սարգսյանին եւ արդարացնել Հանրապետականի ցանկացած անբարոյականություն: Ոչ ոք: Բայց մարդիկ չեն արել, ու հիմա Խոսրով Հարությունյանն ականջներին չի հավատում, որ ժողովրդի 45 տոկոսը սոված է: Եվ նրա ականջները ճիշտ են իրենց անհավատության մեջ: Թող 98 տոկոսը սոված լիներ: Ու՞մ ինչն է վտանգված: Պատահակա՞ն է, որ դասականն ընդամենը տարի ու կես առաջ ասում էր՝ Ազգային ժողովի ամբիոնը մի քաղաքականացրեք: Ավելի խորը մի՞տք: Դասականը մարգարեացել է՝ մի քաղաքականացրեք, որպեսզի անցավ տանեք քաղաքականության բացակայությունն առաջիկայում: Այսօր խորհրդարանի ամբիոնից քաղաքական խոսք չի հնչում: Մարգարեն չէր կատակում: Սակայն դա էլ քաղաքական վարք է:  

Քաղաքական են համարվում բոլոր այն թեմաները, որոնք չեն ցնցում իշխանությանը: Թեպետ ամբողջ աշխարհում ուղիղ հակառակն է: Եթե ժողովուրդը կարողանա իր մեջքն ուղղել, ամբողջ իշխանությունն ստիպված կլինի մեջքը ծռել մեկուսարաններում: Հետեւաբար, իշխանությունը նստել եւ մտածել է՝ ինչպես կոտրել ժողովրդի մեջքը, որպեսզի իրենն ուղիղ լինի: Նա քաղաքական որոշում է կայացրել՝ դիմազրկել Հայաստանը, կամազրկել ժողովրդին: Ի վերջո, նրա այդ որոշումը ուղղակիորեն ոչ մեկին չի սպանում: Նուբարաշենից բանտարկյալը զանգում է եւ ասում, որ իրեն զրկում են հասանելիք կիսաբաց ռեժիմից, որովհետեւ տեղաբաշխման հանձնաժողովը ալարում է հավաքվել: Ո՞վ պիտի կարգի հրավիրի տեղաբաշխման հանձնաժողովին: Կարգի բերողը ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին պիտի կարգի բերեր, որը սեփական ժողովրդի հանդեպ մթերային «ցեղասպանության» բոլոր արդարացումներն արդեն ունի նույնիսկ մինչեւ թանկացումները: Սակայն որեւէ մեկին տեղը դնել՝ կնշանակի ցնցել բուրգը: Չքաղաքականացնել՝ նշանակում է չցնցել բուրգը: