06.12.2017 14:40

Քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

Քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

Մշակույթի նախարարությունը փխոանցում է, որ դեկտեմբերի 4-ից Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) Ջեջու կղզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ վեցօրյա նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգի կարեւորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել են 47 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 34-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու եւ 4 հայտ`ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավագույն փորձի շուրջ:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության առաջարկով տեղի են ունեցել քննարկումներ հատկապես տարածաշրջանային հայտերի վերաբերյալ` «Տոլմայի պատրաստման եւ տարածման ավանդույթը որպես մշակութային ինքնության ցուցիչ» /Ադրբեջան/, «Քամանչա պատրաստելու եւ նվագելու արվեստը» /Իրան, Ադրբեջան/ եւ «Սուլելու լեզուն» /Թուրքիա/:

Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2014 թվականին ներկայացրել էր «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը, որը 2017 թ. նոյեմբերին ՅՈՒԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։

Ս. թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը:

2016 թ. հունիսից` 4 տարի ժամկետով Հայաստանն ընտրվել է 24 երկրներից կազմված միջկառավարական կոմիտեի անդամ: